Բաղադրամասեր
1,4 կգ խոզի միս (սրունք),
2,6 կգ տավարի միս (կճղակ),
850 գր տավարի միս (փափկամիս),
2 գլուխ սոխ,
2 ճ/գդ աղ,
3 հատ դափնու տերև (лавровый лист),
5-7 պճեղ սխտոր,
6 լ ջուր,
պղպեղ սև հատիկավոր` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խանձված և մաքրած տավարի կճղակները (տոտիկները) հոսող ջրի տակ խոզանակով լավ լվանում ենք (եթե տոտիկներ են` մի քանի մասի ենք բաժանում) և դնում այն կաթսայի մեջ, որի մեջ պետք է եփենք։ Խոզի սրունքն ու տավարի միսը լավ լվանում ենք, գլուխ սոխը մաքրում ենք և առանց կտրելու մսի հետ միասին դնում ենք կաթսայի մեջ։ Յուրաքանչյուր կիլոգրամ մսին մոտ 1 լիտր ջուր ենք լցնում։ Ջուրը պետք է մոտ 5 սմ ծածկի միսը։ Այսինքն 5 կգ-ին մոտ 6 լ ջուր ենք լցնում։
Միջին ուժեղության կրակի վրա կաթսայի պարունակությունը հասցնում ենք եռման աստիճանի (կափարիչը ծածկած)։ Եռալուց հետո կրակի տակը իջեցնում ենք և ամենացածր ուժեղության վրա 8-9 ժամ եփում։ Չենք մոռանում փրփուրը վերցնել վրայից։ Անընդհատ յուղը վերցնում ենք վրայից (եթե իհարկե չենք ուզում խոլոդեցի երեսը սառելուց հետո յուղ կապի)։ Պատրաստ լինելուց 1 ժամ առաջ աղ ենք անում, ավելացնում ենք հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը։ Խոլոդեցը պատրաստ է այն ժամանակ, երբ միսը ոսկորներից շատ հեշտ առանձնանում է, իսկ մատները խոլոդեցի ջրի մեջ մտցնելիս կպչում են իրար։ Միսը հանում ենք արգանակի միջից, ոսկրահան անում և մանր կտրատում։ Սխտորը դանակով մանրացնում ենք և խառնում կտրատած մսի հետ։
Արգանակը քամում ենք (արգանակը քամելու համար կարող ենք մառլյան 3-4 տակ ծալել)։ Պլաստիկ ամանների 1/3-րդի չափով միս ենք լցնում, իսկ վրայից քամած արգանակը (1 բաժին արգանակ)։ Խոլոդեցը սառեցնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի, կափարիչները ծածկում ենք և տեղափոխում սառնարանը մինչև լրիվ սառչի։