Բաղադրամասեր

նուշ – 100 գր,

ալյուր – 300 գր,

կարագ – 200 գր,

շաքարավազ – 50 գր,

վանիլին – 2 թ/գդ,

շաքարի փոշի – 100 գր

Պատրաստման եղանակը

Նուշի վրա տաք ջուր ենք լցնում և 10 րոպե հանգիստ թողնում, այնուհետև ջուրը թափում ենք և նուշը կեղևազրկում (կարող ենք այն ոչ թե կեղևազրկել, այլ դնել ջեռոցը և մի քիչ կարմրացնել, բայց այդ դեպքում ջուր լցնելու կարիք չի լինի):

Նուշը լցնում ենք բլենդերի մեջ և փշրանքի վերածում: Սառը կարագն ալյուրի հետ խառնում ենք և տրորում, մինչև փշրանք ստանանք:

Ավելացնում ենք նուշը, վանիլինի մի մասը և շաքարավազը: Պինդ խմոր ենք հունցում: 1 ժամով դնում ենք սառնարանը, իսկ հանելուց հետո, եթե շատ պինդ է ստացվել, պետք է մի քիչ թողնենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի աշխատելուց հեշտ լինի:

Ձևավորում ենք եղջյուրիկներ: Դրա համար խմորից փոքր կտոր ենք վերցնում և ձեռքերի մեջ կամ տախտակի վրա գլորելով ձևավորում, բայց այնպես, որ եղջյուրիկների մեջտեղի հատվածն ավելի հաստ լինի, քան եզրերը:

Դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում: Եղջյուրիկները պետք է բաց կրեմագույն դառնան: Թխվածքաբլիթները փոքր-ինչ տապակի մեջ սառեցնում ենք և վրան շաքարի փոշի և վանիլին ցանում: Թխվածքաբլիթներն անմիջապես տապակից չենք հանում, քանի որ, դրանք փխրուն են և հեշտությամբ կարող են կոտրվել: