Բաղադրամասեր

Բիսկվիթի համար՝

6 հատ ձու,

130 գր ալյուր ,

15 գր եգիպտացորենի օսլա (крахмал),

50 գր կարագ,

160 գր շաքարավազ,

50 գր սպիտակ շոկոլադ,

1.5 թ/գդ փխրեցուցիչ,

Կրեմի համար՝

400 գր սպիտակ շոկոլադ,

400 գր 30-35% յուղայնությամբ սերուցք,

500 գր պանիր մասկարպոնե,

9 գր ժելատին,

Կոմպոտեի համար՝

250 գր ելակ,

50 գր շաքարավազ,

12 գր եգիպտացորենի օսլա (крахмал),

6 գր ժելատին,

Ջնարակի համար՝

100 մլ սերուցք մինչև 20% յուղայնությամբ,

60 գր շոկոլադ սպիտակ,

3 գր ժելատին,

Օշարակի համար՝

50 մլ ջուր,

1 ճ/գդ շաքարավազ,

Ձևավորման համար՝

45 գր սպիտակ շոկոլադ,

1 ճ/գդ գունավոր հրուշակեղենային քերուկ,

կոնֆետը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք բիսկվիթը: Կարագն ու շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև սառեցնում: Ձվերն ու շաքարավազը դնում ենք գոլորշու վրա և, անընդհատ խառնելով մինչև 30 աստիճան տաքացնում:

Կրակից վերցնում ենք և մոտ 15 րոպե հարիչի առավելագույն արագությամբ հարում: Եթե քիչ հարենք, բիսկվիթը լավ չի բարձրանա: Պետք է փքուն և կայուն զանգված ստանանք:

Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացնում ենք մաղով, 1/3 մասը զգուշորեն հարած զանգվածի մեջ լցնում և թիակով վերից վար շարժումներով շրջանաձև խառնում: Աստիճանաբար ավելացնում ենք շոկոլադով և կարագով զանգվածի կեսը և խառնում ենք: Պետք է այնպես անենք, որ համասեռ խմոր ստանանք, այլապես բիսկվիթը չի ստացվի:

Այնուհետև կրկին ավելացնում ենք ալյուրի 1/3 մասը, խառնում ենք, լցնում մնացած շոկոլադային զագվածը, կրկին խառնում և ավելացնում մնացած ալյուրը, ինչից հետո կրկին խառնում ենք: Պատրաստի խմորը լցնում ենք 22 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե թխում, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը մինչև 170 աստիճանի ենք հասցնում և ևս 20 րոպե թխում: Ջեռոցի դուռն առաջին 25 րոպեների ընթացքում չենք բացում: Վերջում փայտիկով փորձում ենք, եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն պատրաստ է:

Բիսկվիթը ձևամանում սառեցնում ենք, այնուհետև դանակով ձևամանի կողքերով անցնելով հանում: 7-10 ժամ թողնում ենք, ինչից հետո 3 մասի կիսում (տորթի համար 2 շերտ է պետք, երրորդ շերտը կարող ենք սառեցնել կամ կոնֆետներ պատրաստել):

Պատրաստում ենք կոմպոտեն: Եթե ելակը սառեցված է, ապա հալեցնում ենք և բլենդերով խյուսի վերածում: Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Շաքարավազն ու եգիպտացորենի օսլան խառնում ենք: Խյուսի մի փոքր մասը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում եգիպտացորենի օսլան, շաքարավազը և լավ խառնում: Անընդհատ խառնելով զագվածը եռման աստիճանի ենք հասցնում և վերցնում կրակից: Ավելացնում ենք ուռած ժելատինը և կրկին լավ խառնում:

Մնացած խյուսը խառնում ենք զանգվածի մեջ , 0.5 սմ շերտով լցնում 20 սմ տրամագծով ձևամանի մեջ, դնում սառցախցիկի մեջ ու սառեցնում:

Պատրաստում ենք կրեմը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք, շոկոլադը՝ կտրատում: 3 ճ/գդ սերուցքն առանձնացնում ենք, իսկ մնացածը տաքացնելով հասցնում եռման աստիճանի, լցնում շոկոլադի վրա և 3 րոպե թողնում այդպես:

Խառնում են մինչև համասեռ զանգված ստանանք: Առանձնացված սերուցքը տաքացնում ենք և ուռած ժելատինը լցնում մեջը: Այնքան ենք խառնում, որ ժելատինը լուծվի: Այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա և լավ խառնում:

Մասկարպոնեն հարիչով հարում ենք և անընդհատ հարելով լցնում հալեցրած շոկոլադի մեջ:

Պատրաստում ենք օշարակը: Շերտերը փափկեցնելու համար 50 մլ ջուրն ու շաքարավազը կրակի վրա տաքացնում ենք և խառնում այնքան, մինչ շաքարավազը լուծվի: Ըստ ցանկության կարող ենք նաև ալկոհոլ ավելացնել: Հավաքում ենք տորթը: 23 սմ տրամագծով ձևամանը ծածկում ենք սննդային փաթեթով և դնում մատուցարանի վրա: Շերտը դնում ենք ձևամանի մեջ և ներծծում օշարալով (շերտի և ձևամանի միջև 1 սմ ազատ տարածք պետք է մնա):

Կրեմի 1/3 մասը այնպես ենք լցնում տորթի վրա, որ շերտի և ձևամանի միջև ազատ տարածությունը լցվի: Տորթը 15 րոպեով տեղափոխում ենք սառնարան, այնուհետև հանում ենք և վրան դնում կոմպոտեի շերտը:

Այս ամենից հետո վրան ենք լցնում կրեմի կեսից շատը, որպեսզի կոմպոտեն ամբողջությամբ ծածկվի կրեմով և կատարյալ հարթ դառնա: 15 րոպեով սառնարանն ենք տեղափոխում, այնուհետև ծածկում երկրորդ շերտով և փափկեցնում օշարակով: Փափկեցնելուց հետո վրան կրեմ ենք քսում և 4 ժամով տեղափոխում սառնարան:

Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք, շոկոլադը՝ կտրատում: Սերուցքից 2 ճ/գդ առանձնացնում ենք, մնացածը տաքացնելով հասցնում եռման աստիճանի, այնուհետև լցնում շոկոլադի վրա և 3 րոպե թողնում: Խառնում ենք մինչև համասեռ զագված ստանանք: Առանձնացված սերուցքը տաքացնում ենք և ուռած ժելատինը լցնում մեջը: Այնքան ենք խառնում, որ ժելատինը լուծվի: Այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադի վրա, լավ խառնում ենք և անցկացնում մաղով (ջնարակի ջերմաստիճանը պետք է 30-35 աստիճան դառնա):

Ջնարակը առանց քսելու, լցնում ենք տորթի վրա՝ տորթը թեթևակի այս ու այն կողմ թեքելով: Ամեն ինչ շատ արագ ենք անում, քանի որ սառած տորթի վրա ջնարակը շուտ է սառչում: Դնում ենք սառնարանում, որպեսզի ջնարակը սառչի: Վարսահարդարիչով ձևամանի կողքերը տաքացնում ենք և հանում տորթը:

Յուղաթղթից տորթի բարձրության և տրամագծի չափին համապատասխան ժապավեն ենք կտրում: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և լցնում յուղաթղթի վրա, թողնում ենք թեթևակի սառչի, այնուհետև ժապավենը կպցնում ենք տորթի կողքերին: 5-7 րոպեով սառնարանն ենք դնում:

Զգուշորեն ժապավենը հանում ենք և տորթը ձևավորում հրուշակեղենային քերուկով և կոնֆետով: