Բաղադրամասեր

Բիսկվիթի համար`

շոկոլադ սև - 120 գր (60-70%),

կարագ - 85 գր,

շաքարավազ - 110 գր,

կակաո - 1 թ/գդ,

ձվի դեղնուց - 2 հատ,

ձու - 1 հատ,

ձվի սպիտակուց - 6 հատ,

Կիտրոնային կրեմի համար՝

շաքարավազ - 110 գր,

կիտրոն - 1,5 (կեղև),

ձու - 2 հատ,

հյութ կիտրոնի - 2 հատ,

կարագ - 150 գր,

Շոկոլադային մուսսի համար՝

սերուցք 30-35% յուղայնությամբ - 240 գր,

ձու - 2 հատ,

ձվի դեղնուց - 4 հատ,

շոկոլադ սև - 225 գր (60-70%),

շաքարավազ - 70 գր,

ջուր - 15 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք բիսկվիթը: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Շոկոլադը կոտրատում ենք, հալեցնում միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա: Հովացնում ենք մինչև 40 աստիճան: Դնում ենք հարիչի հարթ գլխադիրը և կարագը 30 գր շաքարավազի ու կակաոյի հետ հարում միջին արագությամբ: Հարում ենք այնքան, մինչև դառնա կրեմանման:

Ավելացնում ենք դեղնուցները, հարում մինչև համասեռ դառնալը: Ավելացնում ենք ձուն:

Հետո ավելացնում ենք հալեցրած շոկոլադը: Հարում ենք այնքան, մինչև ստացվի հարթ, մետաքսանման, համասեռ զանգված:

Մաքուր ու չոր կաթսայի մեջ սպիտակուցները հարում ենք մինչև փրփրի: Աստիճանաբար շաքարավազ ավելացնելով՝ հարում ենք մինչև խիտ փրփուրի վերածվելը: Սպիտակուցների ¼-ը միացնում ենք շոկոլադային զանգվածին: Հետո խնամքով միացնում ենք սպիտակուցների մնացած մասը (պետք չէ ինտենսիվ խառնել):

Յուղաթղթի վրա 22 սմ տրամագծով չորս շրջան ենք գծում, թուղթը շրջում և փռում 2 տապակի մեջ: Խոհարարական պարկի օգնությամբ խմորը պարուրաձև լցնում ենք թղթի վրա՝ ամբողջությամբ լցնելով շրջանները: Թխում ենք 25-30 րոպե: Ջեռոց դնելուց 10-15 րոպե անց տապակների տեղերը փոխում ենք՝ 180 աստիճան շրջում: Թխված բիսկվիթների եզրերը լինում են մուգ դարչնագույն: Հովացնում ենք հասցնելով սենյակային ջերմաստիճանի, ինչից հետո թուղթը հանում ենք: Անհրաժեշտության դեպքում եզրերը հավասարեցնում ենք, որպեսզի 22 սմ տրամագծով ձևամանին հարմար լինեն:

Պատրաստում ենք կիտրոնային կրեմը: Կիտրոնի կեղևը մանր կտրատում ենք, խառնում շաքարավազի հետ ու մատներով տրորում այնպես, որ շաքարավազը խոնավանա ու ներծծվի կիտրոնի հյութով: Ավելացում ենք ձվերը:

Այնուհետև ավելացնում ենք կիտրոնի հյութը: Կաթսան դնում ենք գոլորշու վրա, մոտ 10 րոպե անընդհատ խառնելով հասցնում 80 աստիճանի:

Պատրաստի կրեմը լցնում ենք հարիչի ամանի մեջ, մոտ 10 րոպե ժամանակ առ ժամանակ խառնելով թողնում հովանա մինչև 60 աստիճան: Մեծ արագությամբ կրեմը հարում ենք՝ ավելացնելով կտրատած կարագը: Հարում ենք 3-4 րոպե, մինչև հարթ ու փայլուն զանգված ստանալը: Կրեմը լցնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ և սառեցնում առնվազն 1-2 ժամ:

Պատրաստում ենք շոկոլադային մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև փրփրի, ծածկում ենք ու տեղափոխում սառնարան: Ձվերն ու դեղնուցները խառնում ենք և հարիչի ցածր արագությամբ մի քանի վայրկյան հարում:

Շոկոլադը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնում ենք, հովացնում մինչև 45 աստիճան: Շաքարավազն ու ջուրը խառնելով հասցնում ենք եռման, հետո առանց խառնելու եփում 8-10 րոպե, մինչև 120 աստիճան: Հենց որ օշարակը հասնում է 110-115 աստիճանի, շարունակում ենք ցածր արագությամբ հարել դեղնուցներն ու ձվերը: 120 աստիճանի հասած օշարակը բարակ շիթով լցնում ենք այդ խառնուրդի մեջ՝ հարելու արագությունն ավելացնելով: Հարում ենք մոտ 5 րոպե, մինչև զանգվածը 2-3 անգամ ավելանա և դառնա փքուն ու խիտ: Հարած սերուցքի ¼-ը խնամքով խառնում ենք շոկոլադին: Հետո ավելացնում ենք մնացած սերուցքը, այնուհետև ձվային զանգվածը միացնում սերուցքաշոկոլադային զանգվածին:

Հավաքում ենք տորթը: 22 սմ տրամագծով ձևամանի մեջ դնում ենք մեկ շոկոլադային բիսկվիթ, վրան տարածում շոկոլադային մուսսի մոտ 1/3-ը: Վրայից դնում ենք երկրորդ սկավառակը, ափով թեթևակի սեղմում: Քսում ենք մի քիչ մուսս՝ այնքան, որ սոսնձի շերտերը:

Կիտրոնի կրեմը սառցախցիկից հանում ենք, լցնում մուսսի վրա: Վրան նորից մի քիչ մուսս ենք քսում և դնում երրորդ բիսկվիթը:

Շերտը ծածկում ենք մուսսով և դնում ենք չորրորդ բիսկվիթը: Ափով թեթևակի սեղմում ենք ու առնվազն 1 ժամով դնում սառնարան:

Զարդարում ենք կակաոյով ու կիտրոնի շաքարավազապատ կտորններով: