Բաղադրամասեր

Շոկոլադե կարագի համար՝

կարագ - 200 գր,

սև շոկոլադ - 100 գր,

ալյուր - 100 գր(բրնձի),

Խմորի համար՝

կարագ - 400 գր(շոկոլադե) ,

ալյուր - 500 գր,

կակաո - 30 գր,

ջուր - 280 մլ,

ձու - 1 հատ,

հյութ կիտրոնի - 1ճ/գդ,

աղ - 1 պտղունց ,

Կրեմի համար՝

սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ,

կաթ - 200 մլ,

ձու - 1 հատ(դեղնուց),

շաքարավազ - 200 գր,

վանիլին - 1 տաշեղ,

շոկոլադ սև - 100 գր,

օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ,

ընկույզ - 50 գր,

Ձևավորման համար `

շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք սկզբում շոկոլադե կարագը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք. թավայի մեջ ջուրը եռացնում ենք, վրան դնում շոկոլադով կաթսան (այնպես, որ կաթսան կպնի ջրին) և անընդհատ խառնելով հալեցնում շոկոլադը։

Հալեցրած շոկոլադը կրակի վրայից հանում ենք,վրան ավելացնում փափկեցրած կարագը և լավ խառնում։

Այնուհետև այդ զանգվածին ավելացնում ենք մաղած ալյուրը և այնքան խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։ Զանգվածը տեղափոխում ենք հերմետիկ փակվող ամանի մեջ և 1 ժամով տեղափոխում սառնարանը։

Ապա պատրաստում ենք խմորը: Բաժակի մեջ լցնում ենք հարած ձուն, վրան ավելացնում սառցաջուրը, աղը, կիտրոնի հյութը։ Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը կակաոյի փոշու հետ, մեջտեղում փորվածք ենք անում, լցնում ձվով խառնուրդը և արագ համասեռ խմոր հունցում։

Խմորը ձեռքերով հունցում ենք այնքան, մինչև առաձգական դառնա։ Գունդ ենք անում, սրբիչով ծածկում և 20 րոպեով հանգիստ թողնում։

Այնուհետև գրտնակում ենք (եզրերը մեջտեղի հատվածից բարակ պետք է լինեն), վրան ալյուր լցնում, սրբիչով ծածկում և ևս 10 րոպե հանգիստ թողնում։

Սառնարանից հանում ենք շոկոլադե կարագը և բարակ շերտերի բաժանում։

Շոկոլադե քերուկները լցնում ենք խմորի վրա ( եզրերից 1,5-2 սմ հեռավորության վրա)։ Կարճ եզրերը բերում ենք շոկոլադի վրա և իրար մեջ ամրացնում։ Ստացված ուղղանկյան բաց մասերը սեղմում ենք, սրբիչով փաթաթում և 10 րոպե հանգիստ թողնում։ Ուղղանկյունը աչքաչափով բաժանում ենք 4 ուղղահայաց շերտերի, խմորը եզրերից հավաքում ենք ըստ «ծալվածքների» և ևս մեկ անգամ բաժանում երկու մասի։ Ստացվում է 4 շերտանի կիսաֆաբրիկատ, որը 20 րոպեով դնում ենք սառնարանը։

Վերցնում ենք խմորը և ալյուր ցանած մակերեսի վրա գրտնակում` մինչև 1սմ հաստությամբ ուղղանկյուն ստացվի։ Նորից կրկնում ենք 4 շերտ ստանալու գործընթացը և նորից դնում ենք սառնարանը։ Այս ամենը կրկնում ենք ևս երկու անգամ` ամեն անգամ չմոռանալով սառնարանում թողնել 20 րոպե։

Սառնարանից հանում ենք արդեն պատրաստ խմորը։ Ցանկալի է բացենք սենյակի պատուհանը, քանի որ շերտավոր խմորը ցածր ջերմաստիճան է «սիրում»։ Խմորը բաժանում ենք 6 մասի։

Յուրքանչյուր մասը բարակ գրտնակում ենք և շրջան կտրում, ամբողջ մակերեսը ծակծկում ենք պատառաքաղով։ Չենք մոռանում, որ խմորը թխվելուց մի քիչ փոքրանում է։ Կտրված եզրերը թողնում ենք յուղաթղթի վրա։ Շերտերն այդ կտորների հետ թխում ենք 7-10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

Շերտերը յուղաթղթով դնում ենք իրար վրա և թողնում սառչի։ Առանձին ամանի մեջ մանրացնում ենք շերտերի կտորները և դնում մի կողմ: Վանիլինի տաշեղը բացում ենք և մաքրում սերմերից։ 1 բաժակ սառը կաթի մեջ խառնում ենք ձվի դեղնուցն ու օսլան մինչև համասեռ զանգված ստացվի։ Թույլ կրակի վրա եռացնում ենք սերուցքը վանիլինի սերմերի և շաքարավազի հետ, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։ Անընդհատ խառնելով եռացող սերուցքի մեջ լցնում ենք կաթի և ձվի խառնուրդը և եփում թույլ կրակի վրա մինչև թանձրանա։ Վերցնում ենք կրակից, կրեմը քամում ենք և սառեցնում։

Կրեմի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը և խառնում մինչև համասեռ դառնա։

Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու հարում այնքան մինչև համասեռ և թանձր զանգված ստանանք։ Այնուհետև լցնում հերմետիկ ամանի մեջ և սառեցնում։ Առանձնացում ենք 5 ճաշի գդալ կրեմ կողքերին քսելու համար։ Պատրաստի շերտերն առատորեն պատում ենք կրեմով և դնում մեկը մյուսի վրա։

Ապա առանձնացված կրեմով պատում ենք տորթի կողքերը և վերին շերտը: Տորթի վերին շերտը և կողքերը պատում ենք փշրանքով։ Տորթը ծածկում ենք սննդային փաթեթով, վրան ծանրություն ենք դնում և 4-5 ժամով տեղափոխում սառնարանը։

Յուղաթղթից կտրում ենք տորթի տրամագծին համապատասխանող շրջան։ Այդ շրջանի վրա փաթիլի տեսքով կտրվածքներ ենք անում:

Փաթիլը դնում ենք տորթի վրա և շաքարի փոշի ցանում։ Այնուհետև յուղաթուղթը հեռացնում ենք զգուշորեն, որպեսզի պատկերը չաղավաղվի։