Բաղադրամասեր

ալյուր – 700 գր,

խմորիչ – 20 գր,

կաթ – 350 մլ (տաք),

կարագ – 100 գր (հալեցրած),

ձու – 2 հատ+ 2 հատ (դեղնուց),

աղ – 1/2 թ/գդ,

շաքարավազ – 100 գր,

կիտրոն – 1/2 թ/գդ (կեղև),

վանիլին – 1/2 թ/գդ,

ջեմ ազնվամորու – 500 գր

Պատրաստման եղանակը

Խմորիչը տաք կաթի մեջ ենք լցնում, որ լուծվի (եթե խմորիչը արագ ազդող է, անմիջապես լցնում ենք ալյուրի մեջ)։ Ավելացնում ենք հալեցրած կարագը, շաքարավազը, ձվերը, դեղնուցները, աղը, կիտրոնի կեղևը և վանիլինը։

Մի քիչ հարում ենք, մինչև քիչ թե շատ համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում։ Ավելի լավ է ալյուրը մաս առ մաս ավելացնենք (որպեսզի ալյուրի քանակությունը ճիշտ որոշենք)։

Խմորը գնդում ենք, սննդային թաղանթով ծածկում և մոտ 1 ժամով դնում տաք տեղ, որպեսզի խմորը հասնի։ Այդ ընթացքում խմորը 2 անգամ չափերով կավելանա։ Խմորը տրորում ենք և 24 մասի բաժանում։

Բոլոր գնդերը շարում ենք ալյուրով պատված սեղանի վրա և թեթևակի ձեռքով սեղմում։ Թողնում ենք 40-60 րոպե, որպեսզի խմորը հասնի։ Այդ ընթացքում խմորը կրկին 2 անգամ չափերով կավելանա։

Արդեն հասած խմորը տապակում ենք տաքացրած բուսայուղի մեջ. սկզբից` կափարիչի տակ մոտ 1,5 րոպե մինչև ոսկեգույն կեղև կապի, այնուհետև 1 րոպե էլ շրջում ենք (առանց կափարիչի) հաջորդ երեսից տապակում ։

Փքաբլիթները սառեցնում ենք։ Բարակ դանակով յուրաքանչյուր փքաբլիթի կողքից անց ենք բացում։ Ջեմը խոհարարական պարկի մեջ ենք լցնում, այնուհետև սկսում փքաբլիթները լցոնել։ Ապա վրան շաքարի փոշի ենք շաղ տալիս և մատուցում:

Այս բաղադրատոմսով հաջող փքաբլիթներ ստանալու 2 կարևոր պայման կա. պետք է խմորը հասնի, իսկ տապակելու համար ձեթը բավականաչափ լինի։ Նշված բաղադրիչներով 24 հատ փքաբլիթ է ստացվում: