Բաղադրամասեր
ալյուր - 530 գր,
խմորիչ - 5 գր,
աղ - 1 պտղունց,
շաքարավազ - 60 գր,
ջուր - 310 մլ,
ձու - 1 հատ,
կարագ - 30 գր,
շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խմորիչը ջրի մեջ լուծում ենք, ավելացնում ենք ձուն և լավ խառնում։ Այնուհետև լցնում ենք ալյուրը, շաքարավազն ու աղը և փայտե գդալով խառնում մինչև ալյուրն ամբողջությամբ խոնավանա։ Այս ամենից հետո ավելացնում ենք կարագն ու գդալով փափուկ խմոր հունցում։ Խմորը ծրարի տեսքով 4 կողմից ծալում ենք։ Խմորով ամանը կափարիչով կամ սննդային թաղանթով ծածկում ենք և 20 րոպեով հանգիստ թողնում, ժամանակը լրանալուն պես խմորը կրկին 4 կողմից ծալում ենք։ 1 ժամվա ընթացքում այս գործընթացը (20 րոպեն մեկ ծալում ենք) 3 անգամ կրկնում ենք։ Խմորը 1 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի հասունանա (ընդհանուր առմամբ, խմորը սենյակային ջերմաստիճանում պետք է 2 ժամ հասունանա)։ Վերջինս տեղափոխում ենք բուսայուղով կամ կարագով պատված պոլիէթիլենային տոպրակի մեջ, կապում ենք, բայց այնպես, որ չափերով մեծանալու տեղ ունենա, այնուհետև 24-48 ժամով տեղափախում սառնարան։
Փքաբլիթները պատրաստելուց առաջ խմորը սառնարանից հանում ենք, ձեռքերը թաթախում բուսայուղի մեջ և ընկույզի չափի կտորների ենք բաժանում: Այնուհետև գնդիկներ ենք պատրաստում, յուղապատ սննդային փաթեթով ծածկում և 30 րոպե թողնում հանգիստ:
Մինչև խմորը հանգստանում է, բուսայուղով տապակը դնում ենք կրակի վրա և տաքացնում մինչև 170-180 աստիճան: Գնդիկների մեջտեղի հատվածում մատով անցք ենք բացում և ցուցամատերով խմորը ձգում այնպես, որ շրջանի տեսք ստանա (անցքը պետք է մեծ լինի, քանի որ տապակելու ընթացքում այն սեղմվելու է)։
Խմորը լցնում ենք բուսայուղի մեջ և տապակում սկզբից մի կողմից, այնուհետև մյուս` մինչև երկու կողմերն էլ ոսկեգույն դառնան։
Պատրաստի փքաբլիթները փայտիկով հանում ենք բուսայուղի միջից և տեղափոխում թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ յուղը միջից դուրս գա: Այս ամենից հետո վրան շաքարի փոշի ենք ցանում ու վայելում: