Բաղադրամասեր
Լցոնի համար՝
300 գր խոզի միս (խճողակ),
120 գր սոխ,
աղը,պղպեղը՝ ըստ ճաշակի,
Խմորի համար՝
450 գր ալյուր,
1/2 թ/գդ աղ,
210 մլ ջուր,
1 հատ ձու,
Արգանակի համար՝
900 մլ ջուր,
1 թ/գդ աղ,
0,3 թ/գդ քրքում,
5 հատիկ սև պղպեղ,
1 հատ դափնու տերև (лавровый лист)
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք պելմենների լցոնը։ Սոխը բլենդերի մեջ մանրացնում ենք կամ մսաղացով աղում։ Մսի խճողակը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք սոխը, աղ և պղպեղ ենք անում և խճողակը լավ խառնում ենք։
Պատրաստում ենք խմորը։ Աղը, մաղած ալյուրը, ձուն և ջուրը միացնում ենք իրար։ Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում։
Այնուհետև խմորը բարակ շերտով գրտնակում ենք (անընդհատ ալյուր ցանելով) և 14 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ գծեր ենք կտրում։ Յուրաքանչյուրի մեջտեղով (երկայնքով) խճողակ ենք լցնում։
Այնուհետև խմորը մեջտեղից երկարությամբ ծալում ենք և եզրերը թեթևակի սեղմում, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն։
Կաթսայի մեջ ջուր , աղ, հատիկավոր պղպեղ, դափնու տերև և քրքում ենք ավելացնում։ Կաթսան դնում ենք կրակի վրա և ջուրը եռման աստիճանի ենք հասցնում։ Ջուրը եռալուն պես, կարող ենք պելմենները մեջը լցնել։ Զգուշորեն խառնում ենք, որպեսզի պելմեններն իրար չկպչեն և 5-7 րոպե եփում ենք։ Լավ կլինի փոքր չափաբաժիններով եփենք։