Բաղադրամասեր
հավի խաշած կրծքամիս,
հունական ընկույզ,
սխտոր, աղ, սև աղացած պղպեղ, մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կարևոր է`
Այս աղցանի համար լիովին բավարար, նույնիսկ` նախընտրելի է հավի փափուկ կրծքամիսը: Դրանով աղցանն ստացվում է ավելի «մաքուր», ունենում է բաց գույն, տեսքի առումով ավելի հաճելի է: Ընկույզի և մայոնեզի առկայությունը լիովին բավարար է մեղմ ու համեղ աղցան ստանալու համար: Ընկույզը պետք է շատ լինի: Ժլատություն մի արեք: Ավելի լավ է աղցանը քիչ քանակությամբ պատրաստեք, քան խնայեք ընկույզի հաշվին: Կողմնորոշվելու համար նշենք, որ կտրատված ընկույզի ծավալը պետք է մոտավորապես լինի մսի ծավալի կեսի չափ: Կարելի է նաև մի փոքր պակաս, իսկ եթե ավելի շատ, ապա հրաշալի կլինի: Օգտագործվում է նաև շատ մայոնեզ, որպեսզի աղցանին նրբություն հաղորդվի: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել ոչ թե խիտ, այլ թեթև և ջրիկ մայոնեզ: Բացի այդ` մայոնեզը կարելի է լուծել նուրբ և ոչ խիտ թթվասերով կամ մածունով (ոչ թթու): Պատրաստման ամենաաշխատատար փուլը հավի կրծքամսի կտրատումն է: Սակայն դա երկար չի տևում, քանի որ, ինչպես նշեցինք, աղցանը պատրաստվում է ոչ մեծ քանակով: Միսը պետք է մանրացնել ոչ երկար, բարակ թելիկների: Շատ հարմար է դա անել պատառաքաղով` տախտակի վրա: Ոմանք նախընտրում են դա ձեռքով անել:
Իսկ ընկույզի համար շատ հարմար է օգտագործել բլենդեր: Հաշված վայրկյանններ, և ձեր ընկույզը կվերածվի մանր փշրանքների, ինչը և անհարժեշտ է:
Ընկույզը խառնեք հավի մսին:
Աղ արեք, լցրեք սև պղպեղը:
Վրան լցրեք մայոնեզը:
Ավելացրեք շատ մանր քերած սխտորը: Վերջինս պետք է լինի շատ քիչ: Այն ոչ թե պետք է հաղորդի սրություն, այլ թեթև երանգ: Լավ խառնում ենք: