Բաղադրամասեր

Բիսկվիթի համար`

ձու - 2 հատ,

կարագ - 75 գր,

ալյուր - 1 բաժակ,

կակաո - 60 գր,

շաքարավազ - 280 գր,

կեֆիր - 160 մլ,

սուրճ սև - 160 մլ (եփած),

վանիլին - 1 թ/գդ ,

փխրեցուցիչ - 3/4 թ/գդ,

սոդա - 1/4 թ/գդ,

աղ - 1/4 թ/գդ

Շոկոլադային մուսսի համար`

ջուր - 1/3 բաժակ (սառը) ,

ժելատին - 1 ճ/գդ + 3/4 թ/գդ ձվի դեղնուց - 5 մեծ ձվից,

շաքարավազ - 1/2 բաժակ + 2 ճ/գդ կաթ - 3 բաժակ,

սերուցք 30-35% յուղայնությամբ - 3 բաժակ,

շոկոլադ սև - 140 գր,

(60-70%) կակաո - 3 ճ/գդ + 1 թ/գդ վանիլին - 1 ճ/գդ ,

աղ - 1/4 թ/գդ

Շոկոլադային գանաշի համար՝

(60-70%) շոկոլադ սև - 113 գր,

սերուցք 30-35% յուղայնությամբ - 120 մլ,

մեղր - 1/2 ճ/գդ,

աղ - 1/4 թ/գդ

Պատրաստման եղանակը

Մթերքի նշված քանակությունից ստացվում է 23 սմ տրամագծով 1 բարձր բիսկվիթ: Բիսկվիթը պատրաստելու համար թխվածքի բացվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, եզրերը յուղում: Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Խորը կաթսայի մեջ մաղում ենք ալյուրը, կակաոն, շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան ու աղը: Լավ խառնում ենք, ավելացնում ձվերը, հալեցրած կարագը, կեֆիրը, սուրճն ու վանիլինը:

Հարում ենք թույլ արագությամբ, մինչև ստացվի համասեռ զանգված՝ առանց գնդիկների:

Խառնուրդը լցնում ենք ձևամանի մեջ, դնում ջեռոցը: Թխում ենք 45-55 րոպե, պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով. եթե խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն՝ թխված է: 10 րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում, դնում ցանցի վրա ու հովացնում (բիսկվիթի վերևը կարող է ուռչել ու ճաքել, որը հետո պետք է կտրել ու հարթեցնել): Շոկոլադային մուսսը պատրաստելու համար ժելատինը գցում ենք ջրի մեջ, թողնում ուռչի: Կաթսայի մեջ խառնում ենք դեղնուցներն ու ½ բաժակ շաքարավազը, թեթևակի հարում: Շոկոլադը մանր կտրատում ենք:

Մի այլ կաթսայի մեջ խառնում ենք կաթը, 2 ճ/գդ շաքարավազը, շոկոլադը, կակաոն ու աղը: Տաքացնում ենք միջին ուժգնության կրակին՝ ձեռքի հարիչով անընդհատ խառնելով, մինչև որ շոկոլադը լրիվ հալչի: Խառնուրդը պետք է տաքացնել, բայց չեռացնել: Կրակից վերցնում ենք, զանգվածն անընդհատ խառնելով՝ բարակ շիթով ավելացնում դեղնուցները: Խառնում ենք մինչև համասեռ դառնալն ու նորից դնում կրակին: Անընդհատ խառնելով տաքացնում ենք 1 րոպե: Ոչ մի դեպքում չպետք է եռացնել: Կրակից վերցնում ենք, ավելացնում վանիլինն ու ժելատինը, սպասում, մինչև վերջինս լրիվ լուծվի:

Զանգվածը տեղափոխում ենք խորը կաթսայի մեջ, հովացնում մինչև սենյակային ջերմաստիճանի՝ յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ անընդհատ խառնելով, որպեսզի վրան կեղև չառաջանա: Արագ լինելու համար կարելի է 40-50 րոպեով դնել սառնարան ու պարբերաբար խառնել: Սերուցքը լցնում ենք նախապես սառեցրած կաթսայի մեջ, հարում մինչև խիտ փրփուրի վերածվելը և դնում սառնարանում: Հենց որ շոկոլադային խառնուրդը հովանում է, հարած սերուցքից 3-4 ճ/գդ լցնում ենք մեջը, ձեռքի հարիչով խառնում մինչ համասեռ դառնալը, հետո ավելացնում մնացածը: Խառնուրդը բավական ջրիկ է լինում, սակայն սերուցքն ավելացնելուց հետո մի քիչ խտանում է, ու արդեն վերջնական պնդանում է տորթի վրա՝ սառնարանում:

Սառած բիսկվիթի մակերևույթը հարթեցնում ենք, բիսկվիթը բաժանում 3 հավասար շերտի: Դրա համար անհրաժեշտ է ամեն շերտը նախապես նշել, ատամնավոր դանակով կողքերից թեթևակի կտրել, հետո արդեն կտրել երկար դանակով (այստեղ պետք է զգույշ լինել, քանի որ փափուկ խմորը կարող է պատռվել): Տակի շերտը դնում ենք մի կողմ, իսկ մեջտեղի ու վրայի շերտերի եզրերից 1-1.5 սմ կտրում: Ստացվում է այնպես, որ տակի շերտը մյուսներից փոքր-ինչ մեծ է լինում: Թխվածքի բացվող ձևամանի հատակին յուղաթուղթ ենք փռում, իսկ կողքերը պատում պոլիէթիլենային թաղանթով, թեև նույնը կարելի է անել նաև յուղաթղթով (ձևամանի պատերի բարձրությունը պետք է լինի 12-15 սմ): Տակը դնում ենք մեծ բիսկվիթը, վրայից լցնում շոկոլադային կրեմի 1/3 մասը: Ջրիկ կրեմն ինքն իրեն հավասարաչափ կտարածվի: Դնում ենք մեջտեղի շերտն ու լցնում կրեմի մյուս 1/3 մասը: Դնում ենք վերևի շերտն ու լցնում մնացած կրեմը: Տորթը 4-6 ժամ կամ ողջ գիշեր թողնում ենք սառնարանում:

Պատրաստում ենք շոկոլադային գանաշը: Շոկոլադը մանրացնում ենք, լցնում խորը կաթսայի մեջ: Փոքր կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, ավելացնում մեղրն ու աղը: Տաքացնում ենք մարմանդ կրակին այնքան, որ նոր-նոր սկսի եռալ: Կրակից վերցնում ենք և լցնում շոկոլադի վրա:

1-2 րոպե թողնում ենք, հետո խնամքով խառնում մինչև շոկոլադի լրիվ լուծվելը: Յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ խառնելով հովացնում ենք, որպեսզի վրան թաղանթ չգոյանա: Հենց որ լավ հովանում է, տորթը սառնարանից հանում ենք ու գանաշը լցնում տորթի վրա: Թողնում ենք, որ տորթի ողջ մակերեսով լավ տարածվի, հետո նորից տորթը դնում ենք սառնարան, թողնում մի քանի ժամ, որ սառչի:

Կարող ենք զարդարել քերած շոկոլադով: Մատուցում ենք սառը վիճակում: