Ինչպես ճիշտ պահել մթերքները

Դիտումներ 413
Ինչպես ճիշտ պահել մթերքները

Սովորաբար մենք ավելի ուշադիր ենք շուտ փչացող մթերքները, քան ձավարեղենը, մակարոնը կամ ալյուրը պահելու հարցում: Սակայն դրանք նույնպես պահպանման իրենց ժամկետներն ու հատուկ պայմաններն ունեն:
Թե ինչպես պահպանել մթերքները, որոնք սառնարանում պահելու կարիք չունեն, պարզաբանում է «Росконтроль»-ի փորձագետ Անդրեյ Մոսովը:

«Չոր մթերքները նույնպես պահպանման ժամկետ ունեն ու փչանում են առաջին հերթին ճարպերի օքսիդանալու հետևանքով: Ընդ որում՝ դրանք ոչ միայն տհաճ հոտ են ձեռք բերում, այլ նաև կորցնում են իրենց օգտակար հատկությունների մեծ մասը: Օքսիդանում են կիսահագեցած ճարպաթթուները, քչանում է վիտամինների քանակը, փոքրանում է սպիտակուցների յուրացման հատկության ուժը: Եվ քանի որ երկարատև պահպանման արդյունքում փոխվում են սպիտակուցների ու օսլայի հատկությունները, այս ձավարեղենի մթերային հատկանիշներն էլ են վատանում, այն ավելի դժվար է եփվում», ասում է փորձագետը:

«Հացը: Հացի համար օպտիմալ պահպանման պայմանները 6 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանն է: Պետք չէ այն լվացարանին կամ մարտկոցին մոտ պահել: Լավագույնը այն բնական (և ոչ ներկված) փայտից հացամանում պահելն է: Հացը կարելի է թողնել նաև պոլիէթիլենային տոպրակում, որով այն գնել եք: Դրա վրա սովորաբար օդ խաղալու համար փոքր անցքեր են լինում: Իսկ սովորական պլաստիկ տոպրակի մեջ հացաբուլկեղենը «կխեղդվի» ու շատ շուտով կբորբոսնի»:

Եթե որոշել եք հացը սառնարանում պահել, ապա պլաստիկ փաթեթն այս դեպքում տեղին կլինի ու կօգնի պաշտպանել այն հոտերից: Հացը կարելի է նաև սառցախցիկում պահել՝ 1 ամսով կամ նույնիսկ ավելի: Միայն թե այս դեպքում հացը հանելուց հետո երկար ժամանակ կպահանջվի դրա օգտակար հատկությունները վերականգնելու համար:

«Ընդհանրապես հացը լավ է երկար ժամանակով պահպանելու համար չգնել: Ընդհանրապես հացի պահպանման ժամկետը 1-5 օր է՝ կախված նրա տեսակից ու չափերից: Փոքր բուլկին ավելի շուտ կփչանա, քան մեծ բոքոնը, կիսած հացն էլ լրիվ հացից ավելի շուտ կչորանա», ասում է Մոսովը:


Բուսական յուղեր: Բուսական յուղերի պահպանումը կախված է նրանից՝ արդյոք բացել եք այն: Փակ վիճակում բուսական յուղը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում, իսկ բացված վիճակում պարտադիր է սառնարանում դնելը, հակառակ դեպքում այն արագ կթթվի: Ընդ որում՝ամենաարագը փչանում են ամենաօգտակար յուղի տեսակները:

«Բուսական յուղի պահպանման ժամկետը փակ վիճակում սովորաբար կես տարի է նշվում, սակայն խորհուրդ եմ տալիս այն 4 ամսից ավելի չպահել (այս ժամանակահատվածում է այն պիտանի համարվում մանկական սննդի մեջ կիրառելու համար): Իսկ բացված վիճակում 1-2 ամսից ոչ ավելի: Պատրաստ եղեք, որ որակյալ ձիթապտղի յուղը սառնարանում մուգ գույն է ստանալու: Դա չի նշանակում, որ այն փչացել է, սենյակային ջերմաստիճանում այն արագ կվերականգնի իր նախնական գույնը»:

Ձավարեղեն: Ձավարեղենն իրեն ամենից լավ զգում է ոչ հերմետիկ տարաներում: Տարաների մասին կարելի էր ամբողջությամբ մոռանալ, եթե վնասատուները չլինեին: Այնպես որ՝ դրանք ամեն դեպքում ավելի հարմար է պահել հերմետիկ փակված վիճակում: Ձավարեղենը խորհուրդ չի տրվում պահել նաև պատշգամբում՝ նրանում միջատներ չներթափանցելու համար: Եթե այն պատշգամբում պիտի դնեք, ապա միայն հերմետիկ փակված տարաների մեջ:

Փորձագետը խորհուրդ է տալիս հիշել նաև ձավարեղենի պահպանման ժամկետի մասին: Այն հավերժ չէ, ինչպես որ շատերն են կարծում: Կորեկաձավարի պահպանման ժամկետը 9 ամիս է, մանրաձավարինը՝ 10 ամիս, մնացած ձավարեղենինը՝ 1-2 տարի:

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=10880&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը