Նոյեմբերի 30-ից հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա օրերին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում ջերմաստիճանը բարձրանալու է 8-10 աստիճանով: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա` հանրապետության մյուս տարածքներում ջերմաստիճանի փոփոխություն չի սպասվում:
«Արարատյան դաշտում կլինի ցուրտ օդի լճացում, ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհավասարվի լեռնային շրջանների ջերմաստիճանին»,- նշեց Սուրենյանը:
Օդերևութաբանի խոսքով` Կիպրոսյան ցիկլոնի շնորհիվ լճացումը կցրվի:
«Արդեն նոյեմբերի 30-ին նկատվելու է ամպամածություն և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք և նոյեմբերի 30-ից 1-ը ընկած ժամանակաշրջանում օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա: Այսինքն, եթե հիմա Երևանում գիշերը -8,-10 աստիճան է, արդեն դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին ակնկալել 0-ից +2 աստիճան: Ցերեկային ժամերին առանձնապես ջերմաստիճանի փոփոխություն չի լինի, որովհետև դեկտեմբերի 1-ից տեղումներ են սկսվելու»,-ասաց նա և նշեց, որ մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +3-ից +5 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ:
«Լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային շրջաններ, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, քանի որ սպասվում է լուրջ ջերմաստիճանի բարձրացում, տեղումներն այդ օրերին կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով»,- եզրափակեց նա:
