Ինչու են Ամանորի գիշերը հրավառություն կազմակերպում բոլոր երկրներում
Ինչպես շատ տոների ժամանակ, Ամանորի տոնակատարություններին նույնպես հաճախ օգտագործվում են տարբեր պայթուցիկ նյութեր՝ բենգալյան կրակներ, հրավառություններ և այլն։
Շատ երկրներ, օրինակ, միլիոնավոր դոլարներ են ծախսում Ամանորի գիշերը հրավառություններով գեղեցիկ շոուների ցուցադրության համար։
Հետաքրքիր է, սակայն, թե ինչպես և որ երկրից է սկիզբ առել հրավառություններով միջոցառումներ կազմակերպելու նախադեպը: Պարզվում է՝ այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում։ Որոշ տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն լեգենդից, որի համաձայն՝ Ամանորի նախօրյակին չար ոգիները, որոնց հեռացրել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում։ Գտնելով իրենց համար հարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը և տանտերերին տարբեր անհաջողություններ են բերում։ Այդ իսկ պատճառով Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան։
Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝ Չինաստանից: Ավելի ուշ այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։
Ի դեպ, մեծ քանակով պայթուցիկ նյութերի օգտագործումը, այդ թվում՝ անչափահասների կողմից, բազմաթիվ պատահարների պատճառ է դառնում: Այդ իսկ պատճառով Ամանորի գիշերը հակահրդեհային և փրկարարական աշխատանքների համար տարվա ամենալարված օրն է համարվում։