Ալիևի հայտարարությունները խոսում են շփոթվածության մասին. Ադրբեջանի նախկին վարչապետ
![]()
Ադրբեջանի կառավարության վերջին նիստին նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարությունը շփոթված է և դրսևորում է առկա խնդիրները լուծելու անկարողություն: «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը:
Ընդ որում՝ նա ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար Բաքվի վրա արտաքին ճնշման մասին Ալիևի խոսքերին: Ալիևը նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ փակ դռների հետևում իրենց վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Հուսեյնի կարծիքով՝ ռազմական ծախսերի կտրուկ կրճատման ֆոնին ղեկավարության հռետորաբանության կտրուկ փոփոխությունը ցույց է տալիս, որ իշխանությունները մտադիր են հասարակությանը պատրաստել երկրի համար ոչ շահավետ փոխզիջումների:
Ինչ վերաբերում է եվրաինտեգրումից հրաժարվելու մասին Ալիևի խոսքերին, ապա դրանք, Հուսեյնի կարծիքով, հակասում են երկրի պաշտպանական դոկտրինին: Հուսեյնը կարծում է, որ Բաքվի, այսպես կոչված, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տապալվում է: Նա նշել է, որ դեռ վերջերս պաթոսով խոսվում էր Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղյան խնդրի արագ լուծման մասին, իսկ որոշ իշխանամետ փորձագետներ խոսում էին այդ հակամարտությունում Արևմուտքի բացասական դերի մասին: Այդ ֆոնին սկսվեց հակաարևմտյան քարոզչության հերթական ալիքը, հիշեցրել է Հուսեյնը:
Ինչ վերաբերում է երկրի տնտեսական բարեկեցության մասին Ալիևի հայտարարություններին՝ չնայած համաշխարհային ճգնաժամին, ապա դրանք չեն արտահայտում իրականությունը: Չի կարելի խոսել բարեկեցության մասին, եթե մեծությամբ երկրորդ բանկը սնանկ է հայտարարվում և ավելանում են բնակչության արտագաղթն ու երկրից կապիտալի դուրսբերման ծավալները, ասել է նա։
