Առեղծվածային դեպք Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 2 վիրավոր երիտասարդներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։ Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։ Ժամանել են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, թե նշված անձինք որտեղից են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ այս պահին քննչական աշխատանքներ են կատարում քննիչները։ Նշված վայրը Չարբախ թաղամասում հայտնի «Լիկա» գեղեցկության սրահն է։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, վարչության պետի գլխավորությամբ։
Աղբյուրը ՝ shamshyan.com/hy/article/2016/11/13/101133/
