Ընկույզը կօգնի Ձեզ ազատվել հիվանդություններից։ Նրա օգտակար հատկությունների մասին։ Ինչպես նաև Հակացուցումները։


Հունական ընկույզի մասին հիշատակումներ եղել են ավելի քան 4 հազար տարի առաջ: Դեռևս Ավիցենան ու Հիպոկրատն են նկարագրել այն ու շարադրել դրա օգտակար հատկությունները: Oրինակ` Հիպոկրատը խորհուրդ էր տալիս ընկույզ ուտել ստամոքսացավի, ուղեղի, սրտի, լյարդի ու երիկամների աշխատանքի բարելավման համար: Հերոդոտոսն ընկույզ խորհուրդ էր տալիս ուտել կենսական ուժերը կրկնապատկելու համար: Հին Բաբելոնում հասարակ մարդկանց արգելում էին ընկույզ գործածել:
Իզուր չէ, որ հունական ընկույզը մեղրի հետ համարվում էր աստվածների սնունդ:
Արևելյան բժշկությունը համարում է, որ այն ամրապնդում է սիրտը, լյարդը: Կանոնավոր օգտագործումը, անգամ քիչ քանակությամբ, էական դրական ազդեցություն է թողնում հիշողության վրա ու մտածողության գործընթացն է վերականգնում: Արդյունքն անգամ մի քանի շաբաթից է նկատելի դառնում: Ընկույզի օգտակար հատկությունները մեր անկայուն ժամանակներում էլ շատ են կարևորվում. գաղտնիք չէ, որ երբեմն ռադիոակտիվ ֆոնի տատանում է գրանցվում, իսկ ընկույզի յոդը օրգանիզմի պաշտպանական ուժերն է ակտիվացնում:
Ընկույզի միջուկը մարդու օրգանիզմի համար կարևոր B, PP, C վիտամիններ է պարունակում, բջջանք, կարոտին, հանքային միացություններ ու օրգանական նյութեր: Ընկուզենու տերևներում ու միջուկում ֆոլաթթու է պարունակվում, ալդեհիդներ ու եթերայուղեր: Իսկ շուրջպտղային հատվածները խինոն, կումարին ու դաբաղանյութեր են պարունակում: Մեծ քանակությամբ կարևոր ու օգտակար նյութեր է պարունակում ընկույզի կանաչ կեղևը, ինչպես նաև ստերոիդներ, ֆենոլկարբոլաթթուներ:
Օգտակար հատկությունները
Հունական ընկույզն անոթալայնիչ հատկություն ունի, կիրառվում է որպես միզամուղ կալիումի ու մագնեզիումի միացության շնորհիվ, նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը:
Հասունացած ընկույզը բազմավիտամինային բնական համալիր է: Իսկ C վիտամինի պարունակությամբ նույնիսկ սև հաղարջն ու ցիտրուսազգիները չեն կարող մրցել ընկույզի հետ:
Անկասկած, ապացուցված է ընկույզի օգտակարությունը, ուստի այն որպես կանխարգելիչ միջոց առաջարկվում է գործածել սեզոնային մրսածության հիվանդությունների դեմ իմունիտետը բարձրացնելու համար:
Ընկույզ են առաջարկում արագ ուժերը վերականգնելու համար, երբ հատկապես պետք է ֆիզիկական աշխատանքից, մկանային գերլարվածությունից հետո հանգստանալ ու հոգնածությունը թոթափել: Ընկույզը հրաշալի միջոց է ստամոքսի գործունեությունը կարգավորելու ու փորկապության դեմ պայքարելու համար:
Երկաթը, կալիումը, մագնեզիումը, կոբալտը, յոդը, ճարպաթթուները, որոնք ընկույզի բաղկացուցիչներն են, դրական ազդեցություն են ունենում սիրտ-անոթային հիվանդությունների, արյան ճնշման ու սակավարյունության դեպքում:
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ ընկույզը շատ հարուստ է ճարպերով: Դրանցով լրիվ կարելի է փոխարինել յուղոտ ուտելիքները, ասվածը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր փորձում են սննդակարգեր պահել:
Ընկույզն արժեքավոր է նաև հակաօքսիդանտներով. դրանք նպաստում են շագանակագեղձի ու կաթնագեղձի քաղցկեղային հիվանդությունների վտանգի նվազմանը:
Ի դեպ, ապացուցված է, որ ընկույզը դրական ազդեցություն է ունենում արական կարողության վրա, սակայն, դրա համար պետք է օրական 7 ընկույզ ուտել:
Ժողովրդական բժշկության մեջ բուժման նպատակով գործի են դրվում ոչ միայն պտուղները, այլև ընկուզենու տերևները; Դրանցից թուրմ են պատրաստում, որով բուժում են սկլերոզը, տուբերկուլյոզը, ռախիտը: Դա նաև արյան մեջ շաքարի քանակը նվազեցնելու ու նյութափոխանակության կարգավորման նպատակով է գործածվում: Այդ թուրմը նաև արտաքին գործածման համար է՝ թրջոցների ու վերքերի սպիացման, թարախային ցանի, որքինի ու էկզեմայի բուժման նպատակով: Այդ թուրմն առաջարկվում է լնդերի արյունահոսության դեպքում՝ բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու նպատակով:
Ընկույզի միջնապատերը պետք է օղու հետ թրմել, ու գործածել դողէրոցքի ու նյարդային հիվանդությունների դեպքում:
Հրաշալի համի համար էլ այն գնահատվում է հրուշակեղենային գործում ու խոհանոցում: Այստեղ մի նրբություն կա. նոր հավաքած ընկույզը ամենաօգտակարն է, իսկ շատերի համար էլ՝ ամենահամեղը:
Հակացուցումները
Բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է, ամեն ինչ ունի դրական ու բացասական կողմեր, օգտակար ու վնասակար հատկություններ: Ընկույզն էլ, բնականաբար, այս ամբողջից չի առանձնանում: Ընկույզ ուտել չի առաջարկվում այն մարդկանց, ովքեր մաշկային հիվանդություններ ունեն. դա կարող է սրացում տալ. օրինակ՝ փսորիազը, նեյրոդերմիտը ու էկզեմաների տարբեր տեսակներն այս շարքից են:
Ընկույզից պետք է հրաժարվեն նաև ալերգիաների հակում ունեցողները: Եվ ընդհանրապես, մեծ քանակությամբ ընկույզը նույնպես օգուտ չի կարող տալ:
Ընկուզենու տերևների թունդ եփուկով կարելի է մազերին երանգ հաղորդել:
Ցեցը, ճանճն ու մոծակները չեն սիրում ընկուզենու հոտը: Փոքր չափաբաժիններով այդ հոտը մարդուն հաճելի է, սակայն մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել: Կանաչ, մատղաշ ընկույզը կյանքը դրական հունի մեջ է գցում:
Իմունիտետի ու արյան շրջանառության կանոնավորման համար հավասար քանակությամբ մեղր ու ընկույզի կանաչ պտուղներ պետք է խառնել (կարելի է նույնը շաքարով պատրաստել), ապա թրմել փակ բերանով ամանի մեջ մեկ ամիս, մութ տեղում, սակայն պարբերաբար պետք է ամանը թափահարել: Ընդունել օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1 թեյի գդալ:
Հայտնի է, որ ասկորբինաթթուն նպաստում է դեզօքսիռիբոնուկլեինաթթվի սինթեզին, մասնակցում օքսիդա-վերականգնման գործընթացներին, մակերիկամների կեղևի ու վահանագեղձի հորմոնների սինթեզին ու փոխանակությանը, ապահովում է մազանոթների նորմալ անցանելիությունը, արյունատար անոթներին առաձգականություն ու ամրություն հաղորդում ու հակավարակիչ ազդեցություն ունենում:
Ի դեպ, ընկույզի կանաչ պտուղները հզոր հակամակաբույծ միջոց են: Իրանում ժողովրդական բժշկության մեջ, ինչպես և Միջին Ասիայի ու Կովկասի հանրապետություններում ասկարիդի ու ճիճվային մյուս հիվանդությունների դեմ գործածում են ընկույզի չհասունացած պտուղները:
Հիպոկրատը կանաչ ընկույզի եփուկը գործածում էր ճիճվային հիվանդություններից ազատվելու համար: Միջին դարերում նույն միջոցը նույն նպատակով լայն տարածում է ունեցել նաև Ֆրանսիայում: Դրա համար ընկույզի կանաչ կեղևներից պատրաստում են օշարակ, 20 գ մանրացրած կեղևները եփում են շաքարավազի հետ կամ մեղր ավելացնում ու ընդունում 1-2 ճաշի գդալը մեկ բաժակ ջրին խառնած, օրական 3-4 անգամ:
Ճիճվային հիվանդությունների դեմ ևս մեկ միջոց կա. առավոտյան նախաճաշից 30 րոպե առաջ պետք է 6 ընկույզ ուտել, մինչև ճաշը՝ 5 ընկույզ, իսկ ընթրիքին՝ 4-ը: Պետք է լավ ծամել, բուժման տևողությունը 3 օր է:
Նույն նպատակով կարելի է առավոտյան քաղցած ստամոքսին 30-50 գ ընկույզի յուղ խմել 3 օր:
Եթե ընկույզի կանաչ կեղևի եփուկը խաղողի հյութի հետ եփվի մինչև մածուցիկ դառնալը, ապա դա հրաշալի միջոց է շարժվող ատամների ամրացման ու անգամ ուռուցքների բուժման համար:
Ընկույզի կեղևի հյութն օգնում է դիֆթերիայի, մրսածության, ստամոքսի խանգարման ու ցավերի, սննդի դժվարանցանելիության, կույր աղիքի բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Ընկույզի կանաչ կեղևով կարելի է էկզեմայով ախտահարված հատվածները տրորելով բուժել: Դա օգնում է քորի դեմ:
Ընկույզից խտանյութ ստանալու համար պետք է 500 խակ պտուղները լվանալ ու չորացնել, ապա մանրացնել ու լցնել ախտահարած տարաների մեջ, վրան 1 կգ շաքարավազ լցնել, հաստ թղթով լավ փակել բերանը, ապա վրայից կապել ու դնել սառնարանի ներքևի դարակներում: Շաքարավազը նպաստում է ընկույզի լավ պահածոյացմանն ու թուրմի ստացմանը: Մեկ օրից արդեն բնական հյութ է ստացվում, որը կարելի է օգտագործել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ՝ մեկ տարվա ընթացքում:
Աղբյուրը ՝ http://ankakh.com/article/28462/%E2%80%8Benkuyzi-masin
