Վահանաձև գեղձի գործառույթի խանգարման 12 ախտանշան: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 330
Վահանաձև գեղձի գործառույթի խանգարման 12 ախտանշան: Գրում է med.tert.am-ը

Ամենաչնչին առողջական խնդիրները կարող են լինել շատ ավելի լուրջ հիվանդությունների հետևանքով: Մշտական հոգնածությունը, քաշի ավելացումը, դողը, մազաթափությունն ու ուժեղ քրտնարտադրությունը, դյուրագրգիռությունն ու անհանգստության զգացումը կարող են լինել վահանաձև գեղձի գործառույթի խանգարման արդյունքում:

 

Հիպոթիրիոզը պայմանավորված է վահանաձև գեղձի հորմոնների պակասով և շատ ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Դրա ախտորոշումը շատ դժվար է, քանի որ հիվանդությունը մեծ մասամբ ընթանում է առանց լուրջ ախտանշանների: Հաճախ մարդիկ քնկոտությունը, հոգնածությունը կամ հոդացավերը վերագրում են ավիտամինոզին կամ գերհոգնածությանը:

 

Վահանաձև գեղձի հորմոններն ազդում են բացարձակապես բոլոր օրգանների աշխատանքի վրա, այդ պատճառով շատ կարևոր է դիմել էնդոկրինոլոգի ու այն ախտորոշել:

Վահանաձև գեղձի հիվանդության ախտանշաններն են.

 

1.    Ընկճվածությունն ու դեպրեսիան

 

Վահանաձև գեղձի հորմոնների պակասը հաճախ հանգեցնում է ընկճվածության, անտարբերության ու դեպրեսիայի, քանի որ դրանք անմիջականորեն կապված են գխուղեղում սերոտոնինի արտադրման հետ: Միևնույն ժամանակ վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակը մարդուն դարձնում է ավելի ագրեսիվ, դյուրագրգիռ ու անհանգիստ:

 

2.    Փորկապություն

 

Հիպոթիրիոզի ամենատարածված ախտանշաններից մեկը փորկապությունն է: Վահանաձև գեղձի գործառույթի խանգարումները հանգեցնում են մարսողության խանգարումների ու փորկապության: Հիվանդները նաև բողոքում են գկրտոցներից ու ստամոքսում ծանրության զգացումից:

 

3.    Քնկոտություն

 

Հիպոթիրիոզով տառապողները կարող են մի քանի օր շարունակ քնել օրական 12 ժամ, բայց միևնույն ժամանակ ունենալ մշտական հոգնածության զգացում: Մշտական առավոտյան հոգնածությունն ու քնկոտությունը բավական տագնապալի ախտանշաններ են:

 

4.    Մազաթափություն ու մաշկի չորություն

 

Հորմոնալ անհավասարակշռության հետևանքով առաջացած դանդաղ նյութափոխանակության պատճառով մազերն ու մաշկը չեն ստանում բավարար քանակությամբ սնուցում, ինչը հանգեցնում է դրանց վիճակի վատացման: Հիպոթերիոզով հիվանդ մարդկանց մոտ հաճախ են նկատվում խամրած աչքեր ու գունատ, դեղնավուն երանգով մաշկ:


5.    Քաշի ավելացում

 

Քաշի հանկարծակի ավելացումն առանց պատճառների շատ կարևոր ախտանշան է: Այս դեպքում նիհարելու բոլոր ջանքերն ապարդյուն են լինում:

 

6.    Լիբիդոյի նվազեցում

 

Վահանաձև գեղձի թերֆունկցիան ազդում է նաև սեռական ցանկության համար պատասխանատու հորմոնների արտադրության վրա:

 

7.    Մկանային ցավեր ու ջղաձգումներ

 

Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակը կարող է հանգեցնել գլխուղեղից մարմնի մյուս մասերին ազդակներ ուղարկող նյարդերի վնասմանը: Այդ պատճառով կարող են ի հայտ գալ տարատեսակ մկանային ցավեր, ջղաձգումներ ու վերջույթների թմրածություն:

 

8.    Սրտի ռիթմի խանգարում

 

Սրտի ռիթմի տատանումները նույնպես կարող են պայմանավորված լինել վահանաձև գեղձի հորմոնների պակասով:

 

9.    Անուշադրություն

 

Վահանաձև գեղձի խանգարումները հանգեցնում են հիշողության վատացման ու աշխատունակության անկման: Մարդը դժվարանում է նոր տեղեկատվություն ընկալել, ինչը կանայք հաճախ վերագրում են բնական մոռացկոտությանը, սակայն վահանաձև գեղձի բուժումը սկսելուց հետո սկսում են նկատել դրական փոփոխություններ:

10. Ցածր զարկերակային ճնշում

 

Ցածր զարկերակային ճնշումը՝ հոգնածության, քնկոտության ու անուշադրության հետ մեկտեղ, նույնպես բժշկի այցելելու լուրջ պատճառ է:

 

11. Այտուցվածություն

 

Լեզվի հաստացումը, դրա կողային հատվածներում ատամների հետքերը, դեմքի և վերջույթների այտուցվածությունը, որի դեպքում սեղմելիս փոսիկները չեն մնում, նույնպես հիպոթերիոզի ցայտուն ախտանշաններից են:

 

12. Պրանոցի հատվածում անհարմարության զգացում

 

Հիվանդին կարող է թվալ, որ կոկորդում ինչ-որ բան կա, նա կարող է պարանոցի հատվածում անհարմար զգացողություններ ունենալ կամ կարող է ի հայտ գալ իրեն ոչ բնորոշ խռպոտություն: Գեղձի չափերի մեծացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ:

 

Հարկ է հիշել, որ երկար տարիներ առողջ լինելու համար անհրաժեշտ է հոգ տանել առողջության մասին ու ուշադիր լինել օրգանիզմում նույնիսկ աննշան փոփոխությունների դեպքում: Երբեմն հասարակ մկանային ցավը կարող է պայմանավորված լինել որևէ լուրջ հիվանդությամբ:

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/03/27/vahanadzev-gexdz/18238

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը