Վահանագեղձի դիսֆունկցիայի մասին վկայող 8 ախտանշան և 8 միջոց գեղձի աշխատանքի կարգավորման համար: Գրում է med.tert.am-ը

Վահանաձև գեղձը շատ կարևոր օրգան է, որը կապված է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ ֆունկցիաների հետ: Պարանոցի առջևի հատվածում գտնվող այս գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրության համար, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակության գործընթացները, ուստի վահանագեղձի աշխատանքի խանգարումը խիստ բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի և մարդու ինքնազգացողության վրա:
Երբեմն վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներն ախտորոշելը բավականին դժվար է լինում, քանի որ հաճախ մարդիկ չեն նկատում այդ խանգարումների ախտանշանները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք վկայում են վահանաձև գեղձի դիսֆունկցիայի մասին:
1. Դող կամ անհանգստություն
Եթե վահանաձև գեղձը չափազանց շատ հորմոն է արտադրում (հիպերթիրեոզ), ապա հիվանդի մոտ կարող է նկատվել գերհոգնածություն, դյուրագրգիռություն ու անհանգստություն, քանի որ նման դեպքերում նյութափոխանակության գործընթացները չափազանց արագ են լինում:
2. Հոգնածության զգացում
Եթե վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում նորմայից քիչ հորմոն է արտադրվում (հիպոթիրեոզ), ապա մարդը կարող է տառապել մշտական գերհոգնածությունից և անգամ հյուծվածությունից:
3. Քաշի փոփոխություն
Հիպոթիրեոզի դեպքում հիվանդի քաշը կարող է ավելանալ, մինչդեռ հիպերթիրեոզը բնորոշվում է քաշի նվազմամբ:
4. Արտասովոր ցավեր
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին են վկայում նաև մկանային ցավերը, հոդացավերը կամ անբացատրելի թուլությունը:
5. Դաշտանային ցիկլի խանգարումներ
Հիպոթիրեոզի դեպքում դաշտանը կարող է ավելի տհաճ լինել ու շատ ավելի երկար տևել, իսկ հիպերթիրեոզը հաճախ ուղեկցվում է շատ կարճատև, իսկ երբեմն էլ աննշան դաշտանով:
6. Փքվածություն ու փորափքանք
Հիպոթիրեոզը հաճախ հանգեցնում է փորափքանքի և փորկապության առաջացման: Բացի այդ, կարող է նկատվել նաև փքվածություն՝ հատկապես դեմքի հատվածում, ինչը շատ տարօրինակ տեսք է ունենում:
7. Օրգանիզմի արտասովոր արձագանք ջերմաստիճանին
Վահանաձև գեղձի դիսֆունկցիայի դեպքում հաճախ մարդկանց օրգանիզմի արձագանքը ջերմաստիճանին բավական արտասովոր է լինում: Օրինակ՝ հիպոթիրեոզի դեպքում հիվանդներն ավելի զգայուն են դառնում ցրտի նկատմամբ, իսկ հիպերթիրեոզի դեպքում՝ շոգի:
8. Արտաքինի փոփոխություններ
Մազաթափությունն ու մազերի բարակումը նույնպես կարող է պայմանավորված լինել հիպոթիրեոզով: Բացի այդ, վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում հիվանդի մաշկը հաճախ գունատվում է կամ ձեռք է բերում դեղնավուն երանգ:
8 միջոց վահանաձև գեղձի աշխատանքը կարգավորելու համար
1. Խուսափել սթրեսային իրավիճակներից
Վահանաձև գեղձի գործառույթները կախված են մակերիկամներից, իսկ սթրեսը կարող է վնասել մակերիկամները՝ հանգեցնելով նաև վահանագեղձի աշխատանքի խանգարման:
2. Ավելի շատ յոդ օգտագործել
Յոդը շատ կարևոր է վահանաձև գեղձի առողջության պահպանման համար, ուստի հարկավոր է հարստացնել սննդակարգը յոդ պարունակող սննդամթերքով, օգտագործել ջրիմուռներ կամ ընդունել յոդը հավելումների տեսքով:
3. Ազատվել արծաթյա ատամնալիցքերից
Ամալգամայով արծաթյան ատամնալիցքերը հաճախ պարունակում են սնդիկ, որը բացասաբար է ազդում վահանաձև գեղձի վրա, ուստի խորհուրդ է տրվում փոխարինել դրանք այնպիսի ատամնալիցքով, որը չի պարունակի սնդիկ:
4. Հրաժարվել գլյուտենից
Վահանաձև գեղձի առողջության բարելավման համար խորհուրդ է տրվում նվազեցնել օգտագործվող լոբազգիների և գլյուտեն պարունակող սննդամթերքի գործածությունը:
5. Բարձրացնել օրգանիզմում սելենի մակարդակը
Սելենը վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորմանը նպաստող հանքանյութերից մեկն է, ուստի հարկավոր է օգտագործել սելենով հարուստ մթերք: Նման սննդամթերքի շարքին են դասվում բրազիլական ընկույզը, սնկերը, սաղմոնը, տավարի միսը և արևածաղկի սերմերը:
6. Խուսափել բիսֆենոլ A-ից
Բիսֆենոլ A-ն (BPA) քիմիական տարր է, որը պարունակում է պլաստիկից պատրաստված շշերում ու սննդի համար նախատեսված տարրաներում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն խանգարում է հորմոնալ ֆոնն ու ներզատական համակարգի աշխատանքը, ուստի կարող է վնասել վահանագեղձը: Խորհուրդ է տրվում նման տարրաների փոխարեն օգտագործել ապակյա կամ մետաղյա տարրաներ:
7. Ածխաջրերի նվազեցում
Ածխաջրերի շատ տեսակներ լի են լինում շաքարներով, որոնք բարձրացնում են էստրոգենի մակարդակը, իսկ այս հորմոնի բարձր մակարդակը կարող է խիստ վնասակար լինել վահանաձև գեղձի համար:
8. Խուսափել բրոմից ու ֆտորից
Այս քիմիական տարրերը թույլ չեն տալիս, որ օրգանիզմը կլանի յոդը, որը շատ կարևոր է վահանաձև գեղձի աշխատանքի պահպանման համար: Բրոմը հաճախ պարունակվում է բուսայուղերում ու մակարոնեղենում, իսկ ֆտորը՝ ատամի մածուկում, ուստի խորհուրդ է տրվում հնարավորինս նվազեցնել դրանց գործածությունը:
Նշված ախտանշանների կամ դրանցից մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել: Չնայած, որ հիպոթիրեոզն ու հիպերթիրեոզը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, դրանցից կարելի է հեշտությամբ ազատվել ճիշտ բուժման ու դեղորայքի միջոցով: Հարկ է հիշել, որ վահանաձև գեղձի առողջությունն անչափ կարևոր է, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անտեսել դրա աշխատանքի խանգարման մասին վկայող ախտանշանները:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/02/16/thyroid-gland/48899
