Սամիթի հրաշալի հատկությունների մասին
Հին Հունաստանում եւ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում սամիթի մասին բանաստեղծություններ եւ պոեմներ են գրել։
Նրանք գտնում էին, որ սամիթն իր հոտով ու գեղեցկությամբ հետ չի մնում մյուս ծաղիկներից, անգամ՝ վարդից եւ այդ պատճառով էլ հնում ամենաթանկագին ծաղկեփնջերի մեջ անպայման տեղ է գտել նաեւ սամիթը։
Դեռ այն ժամանակ մարդկանց ծանոթ են եղել սամիթի սննդարար ու բուժական (հատկապես միզամուղ) հատկությունները։ Նրա միջոցով պայքարել են նաեւ մակաբույծ (պարազիտ) միջատների դեմ։
Ներկայումս էլ սամիթն օգտագործվում է բժշկության մեջ։ Բավական է նշել, որ այն հարուստ է C վիտամինով (150 մգ %)։ Հինգ գրամ սամիթ ուտելով՝ ապահովվում է օրգանիզմի C վիտամինի պահանջի տասը տոկոսը։ Պիտանի են նրա թե՛ տերեւները եւ թե՛ սերմերը։ Փորձերը ցույց են տվել, որ սամիթը իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, լայնացնում է անոթները, արագացնում սրտի աշխատանքը եւ ուժեղացնում է միզարտադրությունը։ Գտնում են, որ այն օգտակար է նաեւ մարսողության խանգարման, անքնության, բրոնխիալ ասթմայի բուժման համար։ Սամիթի բուժիչ հատկությունը բացատրվում է նրա մեջ եթերային յուղի, մեծ քանակությամբ վիտամին C-ի, պրովիտամին A֊ի եւ այլ նյութերի առկայությամբ։ Յուղերով ավելի հարուստ են սերմերը` մոտավորապես 20%։ Սամիթի ջուրը մեծ կիրառություն ունի մանկական պրակտիկայում՝ որպես աղիներից գազերի հեռացմանը նպաստող միջոց։ Այդ պատճառով էլ դեղատներում միշտ պատրաստի վիճակում վաճառվում է սամիթի ջուր։ Այն ունի նաեւ խորխաբեր հատկություն։ Կարծիք կա, որ այն կերակրող մայրերի մոտ ուժեղացնում է կաթնարտադրության պրոցեսները։
Սամիթն անվնաս ու օգտակար բույս է եւ կարելի է օգտագործել հետեւյալ ձեւով. վերցնել մեկ ճաշի գդալ սերմ, լցնել մեկ բաժակ եռացող ջրի մեջ, 5-10 րոպե դնել թույլ կրակի վրա, քամել եւ օգտագործել սառը վիճակում` շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ` օրական 4-5 անգամ մեկական ճաշի գդալ, իսկ աղիքներում գազերի կուտակման ժամանակ` երկու անգամ՝ ուտելուց առաջ։ Մեծահասակները կարող են ընդունել նաեւ հետեւյալ ձեւով՝ 1 գրամ սամիթի սերմը լավ ծեծել, մանրացնել եւ օրական 2-3 անգամ ջրով խմել։
Սամիթը տնային պայմաններում շատ լավ կոսմետիկ միջոց կարող է հանդիսանալ, քանի որ սամիթի թերթիկները պարունակում են նաեւ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ` բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն են ազդում բորբոքված ակնեների ու պզուկների վրա:
Ձմեռվա համար սամիթ կարելի է պահել հետեւյալ ձեւով` կանաչ սամիթը պետք է լավ լվանալ, ցամաքեցնել, խիտ դասավորել ապակե բանկայի մեջ եւ վրան աղ ցանել։ Մեկ֊երկու օրից այն թառամում է եւ ծավալով քչանում։ Նրա վրա դարձյալ նույն ձեւով կարելի է շարել սամիթ եւ այսպես շարունակ, մինչեւ ամանը կլցվի: Վերջում նորից աղ ցանել եւ ամանի բերանը կապել մոմած թղթով կամ փակել կափարիչով։ Կարելի է նաեւ մանր կտրատել, մեկ կիլոգրամին խառնել 200 գրամ աղ եւ պատրաստել նույն ձեւով։ Ճիշտ այսպես կարելի է պատրաստել նաեւ մաղադանոսը։ Սամիթը կարելի է պահել նաեւ չորացրած վիճակում, սակայն չորացումը պետք է կատարել ոչ թե արեւի տակ, այլ ստվերում։ Սամիթը որպես համեմունք օգտագործում են նաեւ այս կամ այն բանջարեղենը թթու դնելիս։