Պնդուկ և պիստակ. Օգտակար հատկություններն ու կիրառությունը


Պիստակ
Բաղադրությունը։ Ջուր՝ 6,8-7,1%, ճարպեր՝ 56-58%, սպիտակուցային նյութեր՝ 21-23%, բջջաթաղանթ՝ 4,6%, մոխրացող նյութեր՝ 3,2-3,3%։
Կիրառությունը։ Հնադարում պիստակը հայտնի էր որպես կենդանական թույների հակաթույն։ Ավիցեննան գրել է, որ պիստակը լավ է ազդում լյարդի ցավերի, սրտխառնոցի, սրտի թուլության դեպքում։ Այն օգտակար է թույլ, հյուծված, նիհար, հազացող հիվանդներին։
Ամիրդովլաթը նշում է, որ յուղն օգնում է մաշկային լաքաների, պզուկների դեպքում, բուժում է կրծքավանդակի հիվանդությունները՝ հազը, ուժեղացնում սիրտը։ Բացում է լյարդի խցանումը, բուժում է խոցերը՝ չթողնելով սպիներ։ Պիստակի արտաքին նուրբ կեղեւը մաքրում է լյարդի անցուղիները, երկարացնում կյանքը։
Պնդուկ
Բաղադրությունը։ Ջուր՝ 3,6-3,8%, ազոտային նյութեր՝ 15,5-16%, ճարպեր՝ 65-67%, բջջաթաղանթ՝ 3,2-3,4%, մոխրացող մնացորդ՝ 0,7-0,85%, վիտամին B1` 0,3-9 մգ։
Կիրառությունը։ Պնդուկի ճարպերն ավելի հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից, քան ընկույզինը, այն օգտագործվում է էպիլեպսիայի դեպքում։ Պնդուկը նպաստում է լյարդի քարերի լուծմանը, մայրերի մոտ առաջացնում է առատ կաթնարտադրություն։
Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ պնդուկն ուժեղացնում է սեռական կարողությունը, օգտակար է երիկամներին, ճիճվասպան է, ծեծված եւ մեղրի հետ խառնած վիճակում օգտակար է հազի բուժմանը։
Պտղի կեղեւի եփուկը լուծի դեմ է, եթե վառվի եւ մոխիրը խոզի ճարպի հետ քսվի վերքերին, դրանք ավելի արագ կբուժվեն, իսկ գլխին քսելը՝ ճաղատության դեմ է։
