Փաստեր զարկերակային գերճնշման մասին, որոնք կօգնեն խուսափել սխալներից ու լուրջ բարդություններից։ Գրում է med.tert.am-ը


Զարկերակային ճնշման բարձրացումից տառապում են միլիոնավոր մարդիկ, իսկ գերճնշումն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Այս հիվանդության մասին կան բազմաթիվ գիտական աշխատություններ ու հոդվածներ, սակայն, չնայած այդ ամենին, շատերը դեռ հավատում են զարկերակային գերճնշման մասին տարածված բազմաթիվ միֆերին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միֆերից ամենատարածվածները, որոնք իմանալը կօգնի խուսափել սխալներից ու լուրջ բարդություններից:
1. Զարկերակային գերճնշումը տարեցների հիվանդությունն է
Զարկերակային գերճնշումը վաղուց արդեն միայն տարեցների հիվանդությունը չէ, իսկ վերջին տարիներին, ցավոք, սկսել է կտրուկ «երիտասարդանալ» և հաճախ ախտորոշվում է անգամ 30 տարեկանից էլ երիտասարդ մարդկանց մոտ: Եթե հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների կամ հիվանդը չի դիմում բժշկին, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել: Նման դեպքերում բարձր է գլխուղեղի կաթվածի, իսկ տարեցների մոտ սրտային անբավարարության առաջացման հավանականությունը:
2. Զարկերակային գերճնշումը շատ ավելի տարածված է տղամարդկանց շրջանում
Այս հիվանդությունը հավասարապես տարածված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Այս միֆը պայմանավորված է նրանով, որ կանանց մոտ այն հաճախ ի հայտ է գալիս դաշտանադադարից հետո, մինչդեռ տղամարդկանց մոտ՝ 45 տարեկանից առաջ:
3. Զարկերակային ճնշման բարձրացումը միշտ ուղեկցվում է գլխացավով, աչքերի կարմրածությամբ ու աչքերի առջև սև կետերի առկայությամբ
Այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների և ոչ մի կերպ չազդել հիվանդի ինքնազգացողության վրա: Գլխացավերն առաջանում են հիվանդների միայն մի մասի մոտ, իսկ աչքերի կարմրածությունն ու սև կետերի առկայությունը նկատվում է ոչ բոլորի մոտ և ոչ բոլոր դեպքերում:
Հաճախ զարկերակային գերճնշումը դրսևորվում է գլխուղեղի կաթվածով կամ սրտամկանի ինֆարկտով, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան առնվազն երկու անգամ չափել զարկերակային ճնշումը:
4. Զարկերակային ճնշման միայն վերին կամ ստորին ցուցանիշի բարձրացումը վտանգավոր չէ
Զարկերակային ճնշման միայն վերին ցուցանիշի պարբերաբար բարձրացումը կարող է կապված լինել սրտամկանի առողջության հետ, իսկ 50 տարեկանից հետո նման տատանումները կարող են խիստ վտանգավոր լինել: Ստորին ցուցանիշի բարձրացումը միշտ վկայում է առողջական խնդիրների առկայության մասին, ուստի նման խանգարումը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
5. Զարկերակային գերճնշման առաջացումը հնարավոր չէ կանխարգելել ժառանգական նախատրամադրվածության դեպքում
Հարկ է հիշել, որ ժառանգական նախատրամադրվածությունը պատճառ չէ հիվանդության զարգացման համար: Զարկերակային գերճնշման առաջացման հավանականությունը կախված է մարդու հիվանդ հարազատների թվից: Եթե զարկերակային գերճնշումից տառապում են երեխայի և՛ մայրը, և՛ հայրը, ապա հետագայում փոքրիկի մոտ հիվանդության զարգացման հավանականությունը 57% է: Եթե հիվանդ է միայն մայրը, ապա հավանականությունը 30% է, իսկ եթե միայն հայրը, ապա՝ 13%:
Եթե զարկերակային գերճնշումն ախտորոշվել է մարդու հարազատներից շատերի մոտ, ապա դա դեռ չի նշանակում, որ նա նույնպես կհիվանդանա: Հիվանդության առաջացման հավանականությունը բարձրանում է ճարպակալման, սխալ սննդակարգի, աղի չարաշահման, նստակյաց կենսակերպի ու վատ սովորությունների առկայության դեպքում:
6. Դեղամիջոցները հարկավոր է ընդունել միայն զարկերակային ճնշման բարձրացման դեպքում
Զարկերակային ճնշման կարգավորման համար նախատեսված դեղամիջոցները հարկավոր է ընդունել պարբերաբար: Դեղամիջոցի ընդունումը բաց թողնելը կարող է լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Այս հիվանդության բուժման համար նշանակվում է համալիր բուժում, ուստի ոչ մի դեպքում չի կարելի դադարել դեղորայքի ընդունումը կամ հրաժարվել որևէ դեղամիջոցից:
7. Զարկերակային գերճնշումը կարելի է ամբողջությամբ բուժել դեղորայքի միջոցով
Զարկերակային գերճնշումը քրոնիկական հիվանդություն է և ամբողջությամբ չի բուժվում անգամ բուժման կուրս անցնելուց հետո: Ժամանակի ընթացքում բժիշկը կարող է փոփոխություններ անել բուժման պլանում, սակայն չի կարող հրաժարվել զարկերակային ճնշումը կարգավորող դեղորայքից:
8. Զարկերակային գերճնշման դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված է
Զարկերակային գերճնշման դեպքում հավասարապես վտանգավոր են ինչպես ֆիզիկական ակտիվության պակասը, այնպես էլ գերակտիվությունը: Նստակյաց կենսակերպը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման, ինչը բացասաբար է ազդում արյունատար անոթների ու սրտամկանի վիճակի վրա:
Միևնույն ժամանակ՝ գերակտիվությունն ու գերհոգնածությունը կարող են հանգեցնել ճնշման կտրուկ տատաման ու դառնալ տարբեր բարդությունների առաջացման պատճառ:
Ֆիզիկական ակտիվության աստիճանը կախված է հիվանդի ընդհանուր վիճակից և որոշվում է միայն բժշկի կողմից: Սակայն այդ ակտիվությունը պետք է կրի պարբերական բնույթ ու չառաջացնի հևոց և այլ տհաճ ախտանշաններ:
9. Զարկերակային գերճնշումը կարելի է բուժել դեղաբույսերի միջոցով
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է զարկերակային գերճնշման բուժման բազմաթիվ բնական միջոցներ, սակայն դրանք կարող են լինել միայն հավելում հիմնական դեղորայքային բուժմանը և ոչ թե փոխարինող միջոց: Բանն այն է, որ դեղաբույսերը չեն նվազեցնում բարդությունների առաջացման հաճախականությունը, մինչդեռ դեղամիջոցները պաշտպանում են այդ բարդություններից:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/31/chnshum/48101
