Ուշադրություն․ Համացանցում բժիշկների հետ խորհրդակցության ծառայություն է հայտնվել

Doc+ հեռաբժշկության ծառայությունը մշակող «Новая медицина» ընկերությունը «Вконтакте» սոցցանցում «Мобильная клиника» հավելված է գործարկել: Ցանկացած հանրության ադմինիստրատոր կարող է իր խմբում, էջում կամ հանրային էջում կլինիկայի հավելվածը տեղադրել: Օգտատերերը խմբում կտեսնեն «Мобильная клиника» հղումը, որի վրա սեղմելով՝ կկարողանան բժշկի հետ խորհրդակցել ձայնային կամ տեսակապով, կամ էլ մասնագետին տուն հրավիրել: Ստացված եկամտի մի մասը ծառայությունը կկիսի հանրության կազմակերպչի հետ, գրում է «Իզվեստիա»-ն:
Ներկայում օգտատերերը կարող են օգտվել թերապեւտի (մանկաբույժի), սրտաբանի, գաստրոէնթերոլոգի, կրծքով կերակրելու գծով մասնագետի, դիետոլոգի կամ նեոնաթոլոգի խորհուրդներից: Ծառայությունը գործում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի, խորհրդատվության տեւողությունը սահմանափակ չէ:
Հեռաբժշկության մասին օրենքը Ռուսաստանում ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Դրանում սահմանվում է, որ առաջնային ախտորոշումն ու սկզբնական բուժումը հիվանդի եւ բժշկի անմիջական հանդիպում է պահանջում, իսկ ահա կրկնակի խորհրդատվություն տրամադրել եւ առողջական վիճակին հետեւել մասնագետը կարող է հեռակա:
Բժիշկներին տուն կանչի Doc+ ծառայությունը գործարկվել է 2015 թվականի սեպտեմբերին, նույն տարում ընկերությունը մասնավոր ներդրողներից 35 մլն ռուբլի է ներգրավել, իսկ 2016 թվականին 5.5 մլն դոլար է ստացել «Յանդեքս»-ից եւ Baring Vostok հիմնադրամից: Doc+-ը նաեւ «Яндекс.Здоровье» հեռաբժշկության ծառայության գործընկերն է. նրանք առցանց խորհրդատվության անցկացման համար բժիշկների ընդհանուր բազա են օգտագործում:
