Ով անվճար կամ զեղչով դեղորայք ձեռք բերելու իրավունք ունի

dialogue.am-ը գրում է ՝
«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագիրն առողջապահության ոլորտում պետության կողմից շարունակաբար իրականացվող ծրագիր է, որն իր ֆինանսավորման ծավալներով ամենամեծն է ոլորտում: 2016-ին այս ծրագրի շրջանակներում պլանավորվել է սպասարկել 2.980 հազար շահառուի:
Մեկ շահառուի հաշվով միջին ամբուլատոր ծախսը նախորդ տարի կազմել է 9.300 դրամ, իսկ առողջության առաջնային պահպանման ծրագրի ծախսը ՝ միջինում 3,762.6 դրամ:
Ստացվում է, որ առաողջության համար մեկ շահառուին հատկացվող տարեկան միջին ծախսը կազմում է շուրջ 14.000 դրամ:
Հայաստանում քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցները տրամադրվում են լրիվ անվճար կամ զեղչված գներով՝ կախված շահառուի սոցիալական խմբից:
Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցողների խմբերը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ: Բնակչության 31.8%-ը հանդիսանում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու շահառու: Նախորդ տարի անվճար և արտոնյալ պայմաններով բաշխված դեղորայքը միջինում կազմել է շահառուներին անհրաժեշտ խմբաքանակի 75%-ը , ընդ որում 56%-ի դեպքում ապահովել է հիվանդին անհրաժեշտ դեղորայքի ողջ քանակը, 14.8%-ին՝ անհրաժեշտ դեղորայքի կեսը, իսկ 17.4 %-ի դեպքերում՝ կեսից պակասը:
Ստորև ներկայացնում ենք, թե ովքեր անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեն՝ նշելով նաև դեղերի ստույգ ցանկը
|
Սոցիալական անապահով և հատուկ խմբեր (ՀՍԽ) |
Սոցիալականնշանակությահատուկ հիվանդություների խմբեր (ՀՀԽ) |
|
1‐ին և 2‐րդ խմբերի հաշմանդամները, հաշմանդամ երեխաները (մինչև 18 տարեկան), հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (մինչև 18 տարեկան), բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաները (մինչև 18 տարեկան), մինչև 7 տարեկան երեխաները: |
տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր), հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր), չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր), շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր), էպիլեպսիա (հակացնցումային դեղեր), սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր), պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր), սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո), մալարիա (հակամալարիային դեղեր), քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)), ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր): |
Կառավարության նույն որոշմամբ սահմանվում է նաև արտոնյալ պայմաններով (30% և 50% ) դեղորայքի ստացման իրավունք ունեցողների ցանկը.
30% զեղչով դեղորայքի ստացման իրավունք ունեն միայն՝ չաշխատող կենսաթոշակառուները, իսկ 50% զեղչով դեղորայքի ստացման իրավունք ունեն՝
- 3‐րդ խմբի հաշմանդամներ,
- Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
- բռնադատվածներ,
- միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
- միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
- միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
Ի դեպ, պետության կողմից առավել հաճախ և մեծ խմբաքանակով բաշխվում է սրտանոթային, ցավազրկող, հակաբորբոքային և հակաշաքարային դեղորայքները:
Նյութի աղբյուրը ՝ http://www.dialogue.am/anvchar-dexorayq-dzerq-berelu-iravunq/
