Որոնք են շագանակագեղձի բորբոքման հիմնական ախտանշանները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 518
Որոնք են շագանակագեղձի բորբոքման հիմնական ախտանշանները: Գրում է med.tert.am-ը

Շագանակագեղձը շատ կարևոր օրգան է, որը պատասխանատու է տղամարդու օրգանիզմում մի շարք կարևոր ֆիզիոլոգիական ֆունկցիաների կատարման համար: Սակայն, ինչպես և ցանկացած այլ օրգան, շագանակագեղձը նույնպես կարող է ախտահարվել: Այս օրգանի ամենատարածված հիվանդությունն է շագանակագեղձի բորբոքումը, որը բավական լուրջ հիվանդություն է և կարող է դառնալ անգամ հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ: Բացի այդ, շագանակագեղձի բորբոքումն անուշադրության մատնելը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ բարդությունների առաջացման, ինչպիսին են իմպոտենցիան ու անպտղությունը:

 

Սա է պատճառը, որ հարկավոր է իմանալ այս հիվանդության առաջին ախտանշանները՝ ժամանակին միջոցներ ձեռնարկելու և բարդություններից խուսափելու համար:


Շագանակագեղձի բորբոքման ախտանշանները

 

Այս հիվանդության առաջին ախտանշանները կարող են ի հայտ գալ բավական վաղ հասակում՝ անգամ 18 տարեկանում: Վիճակագրական տվյալներով 30 տարեկանում տղամարդկանց 1/3 մասն արդեն իսկ տառապում է այս հիվանդությունից, իսկ 40 տարեկանում հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս տղամարդկանց 40%-ի մոտ:

 

Այս գեղձը գտնվում է միզապարկից փոքր ինչ ներքև և դրա միջով է անցնում միզուկի վերին հատվածը, ուստի այս օրգաններից որևէ մեկի բորբոքումն ուղեկցվում է նաև մյուսի բորբոքումով:

 

Առհասարակ՝ շագանակագեղձի բորբոքումն ունի շատ յուրահատուկ ախտանշաններ: Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ հիվանդությունը սկսվում է անմիջապես սուր փուլով և շատ արագ վերածվում է քրոնիկականի: Սա է պատճառը, որ առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:

 

Շագանակագեղձի քրոնիկական բորբոքումը կարող է տարիներ շարունակ ոչ մի կերպ չդրսևորվել, մինչդեռ սուր բորբոքման դեպքում ի հայտ են գալիս վառ ախտանշաններ, որոնք հնարավոր չէ չնկատել:

 

Սովորաբար շագանակագեղձի բորբոքման առաջին ախտանշանը լինում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը (38°C և ավելի): Բացի այդ, շագանակագեղձի սուր բորբոքումն ուղեկցվում է օրգանի այտուցվածությամբ և չափերի մեծացմամբ: Արդյունքում՝ այն հաճախ սեղմում է միզուկն ու սերմնածորանները, ինչն ուղեկցվում է ցավով, որն էլ ավելի է ուժգնանում միզարձակության ժամանակ:

Որ դեպքերում է հարկավոր դիմել մասնագետին

 

Շագանակագեղձի բորբոքումը լուրջ խնդիր է, որի դեպքում հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել, սակայն շատերն անտեսում են հիվանդության ախտանշանները և դիմում են բժշկին, երբ արդեն շատ ուշ է լինում: Հարկ է հիշել, որ անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել, երբ.

 

·         նկատվում է միզարձակության խանգարում, որը բնորոշվում է հաճախամիզությամբ,

 

·         միզարձակությունն ուղեկցվում է այրոցով ու ցավով,

 

·         տղամարդը դժվարանում է միզել,

 

·         մեզի մեջ արյուն է նկատվում,

 

·         սերմնաժայթքումը տեղի է ունենում դժվարությամբ կամ/և ուղեկցվում է ցավոտ զգացողություններով,

 

·         սերմնահեղուկի մեջ արյուն է նկատվում,

 

·         սեռական ակտի ու գրգռման ժամանակ և անգամ սեռական զսպվածության դեպքում ի հայտ են գալիս ցավոտ զգացողություններ,

 

·         հաճախ առաջանում են ցավոտ զգացողություններ գոտկատեղի, շեքի և կոնքի հատվածում,

 

·         բացակայում է էրեկցիան:

 

Չնայած, որ շագանակագեղձի բորբոքումը բավական լուրջ ու տարածված հիվանդություն է, ոչ բոլորն են դիմում մասնագետին: Սակայն հարկ է հիշել, որ որքան շուտ հիվանդը սկսի բուժվել, այնքան շուտ կվերականգնի իր առողջությունը, քանի որ սուր բորբոքումը բուժելը շատ ավելի հեշտ է, քան քրոնիկականը:

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/12/15/Prostatitis/45846

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը