Մսեղենը՝ որպես դեղամիջոց, որ միսն ինչ բուժիչ հատկություն ունի

Ոչխարի միսը կանխարգելում է շաքարային դիաբետի զարգացումը, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, Տիբեթում ոչխարի մսով բուժում են թոքախտը։ Միսը պարունակում է զգալի քանակությամբ քրոմ, որը կանխարգելում է կարիեսի առաջացումը։
Ոչխարի ճարպում շատ քիչ է խոլեստերինի պարունակությունը, սակայն այն դժվար է տրոհվում և դժվարամարս է։
Խոզի միսը ջերմացնում է օրգանիզմը և վերականգնում ուժերը, խորհուրդ է տրվում ուտել ձմռանը։
Խոզի տոտիկից պատրաստված դոնդողը (խոլոդեց) խորհուրդ է տրվում ուտել արյան ցածր մակարդելիության և հաճախ կրկնվող արյունահոսությունների դեպքում։ Մսի այս տեսակը կարող է վնասակար լինել լեղապարկի և լյարդի հիվանդությունների, աթերոսկլերոզի, 12-մատնյա աղիի բորբոքման, էկզեմայի դեպքում։
Տավարի միսն օգտակար է սակավարյունության դեպքում (ի դեպ, անեմիա հունարեն բառը թարգմանվում է՝ «քիչ արյուն»)։ Տավարի միսը հարուստ է երկաթով, որը լավ է յուրացվում վիտամին C-ի առկայության դեպքում։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր ժողովուրդների մոտ հարգի են տավարի մսով և կաղամբով ուտեստները, առավել օգտակար է թթու դրած կաղամբով պատրաստված կերակուրը։
Տավարի լյարդը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, խորհուրդ է տրվում միզաքարային հիվանդության դեպքում, նաև կանխարգելում է սրտի կաթվածը։
Հորթի միսն օգտակար է ինֆեկցիոն հիվանդություններից, այրվածքից, մարմնական վնասվածքներից վերականգնվող հիվանդներին։
Տավարի և հորթի միս կարելի է ուտել առավելագույնը շաբաթական երեք անգամ։ Օրը 100 գրամ և ավելի կարմիր միս ուտելու դեպքում մեծ է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը։
Ճագարի մսում չնչին է խոլեստերինի պարունակությունը, խորհուրդ է տրվում աղեստամոքսային համակարգի, լեղուղիների, լյարդի հիվանդությունների, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում։ Ճագարի միսը չի առաջացնում ալերգիկ ռեակցիա, խորհուրդ է տրվում ընդգրկել երեխաների սննդակարգում։
Հնդկահավի միսը պարունակում է զգալի քանակությամբ սելեն, ունի հակաօքսիդանտ հատկություն, կանխարգելում է քաղցկեղի զարգացումը, չի առաջացնում ալերգիա, շատ հարմար կերակուր է երեխաների համար։ Այս տեսակի միսը նպաստում է ոսկորների, եղունգների, մազերի աճին։
Պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, կալիում, բնական հանգստացնող նյութեր։ Խորհուրդ է տրվում ուտել ընթրիքի ժամանակ, կա կարծիք, որ հնդկահավի միսն իրական դեղ է՝ անքնության դեմ, իսկ ըստ հավատալիքների՝ օգնում է հիշել երազները։
Հավի միսը պարունակում է զգալի քանակությամբ B6 վիտամին (պիրիդոքսին), որը կանխարգելում է սրտասնույց անոթի աթերոսկլերոզը, մեծ դեր է կատարում ճարպերի փոխանակման գործընթացում։ Հավի ստամոքսով պատրաստված ապուրն օգտակար է դիսբակտերիոզի դեպքում, իսկ միսը նպաստում է մարսողությանը։ Հավի մսի արգանակը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։
Բադի միսն օգտակար է տղամարդկանց, խորհուրդ չի տրվում երեխաներին և գեր մարդկանց, հակացուցված է ալերգիայով հիվանդներին։ Բադի ձուն ավելի սննդարար է, քան հավինը, սակայն կա սալմոնելոզով հիվանդանալու վտանգ։
Սագի միսը նույնպես օգտակար է տղամարդկանց և հակացուցված է մինչև 5 տաերկան երեխաներին։ Աղեստամոքսային համակարգի, սրտի, երիկամների հիվանդություններ ունեցող և գեր մարդկանց սննդակարգում սագի մսով կերակուրները պետք է սահմանափակվեն։ Մսի այս տեսակը հակացուցված է լակտազային անբավարարության (անընկալություն կովի կաթի նկատմամբ) դեպքում։
Ի՞նչ վիտամիններ է պարունակում լյարդը
100 գ տավարի լյարդում կան 1,28 մգ տոկոֆերոլներ (E), 33 մգ ասկորբինաթթու (C), 0,7 մգ պիրիդոքսին (B6), 60 մկգ անչափ արժեքավոր ցինոկոբալամին (B12), 98 մկգ բիոտին, 9 մգ նիացին (PP), 6,8 մգ պանտոտենաթթու (B5), 2,2 մգ ռիբոֆլավին (B2), 0,3 մգ տիամին (B1), 240 մկգ ֆոլացին (B9), 635 մգ քոլին։
Նման համատեղություն չկա որևէ բուսական մթերքի մեջ՝ թե° որակային և թե քանակային (առանձին բացառություններ կան, օրինակ, վիտամին C-ի վերաբերյալ) չափանիշներով։
Սակայն կա շատ կարևոր հակացուցում՝ կապված ռետինոլի (A) հետ՝ տավարի լյարդը պարունակում է մոտ 8,2 մգ վիտամին A (խոզինը՝ 3,45 մգ), իսկ մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջը 1,5մգ է։ Խնդիրը նրանում է, որ ռետինոլը կուտակվում է օրգանիզմում՝ նշված չափաբաժինը գերազանցելու դեպքում, ինչն ազդում է ոսկորների ամրության վրա՝ դրանք դառնում են փխրուն։
Աղբյուրը ՝ http://168.am/2013/02/05/176506.html
