Մասնագետները խորհուրդ են տալիս երկու անգամ ավելի շատ բանջարեղեն ու միրգ ուտել

Դիտումներ 835
Մասնագետները խորհուրդ են տալիս երկու անգամ ավելի շատ բանջարեղեն ու միրգ ուտել

Օրվա մեջ մրգի ու բանջարեղենի 10 բաժինը պաշտպանում է ծանր հիվանդություններից ու վաղաժամ մահվանից

Ինչքան ավելի շատ խնձոր, տանձ, սպանախ ու բրոկոլի են մարդիկ ուտում, այնքան ավելի լավ, այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները: Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները լույս են տեսել International Journal of Epidemiology պարբերականում:

Իրենց եզրակացությունները նրանք կատարել են աշխարհի տարբեր ծայրերին մրգերի ու բանջարեղենի օգտագործման ու բնակչության շրջանում սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդությունների, մահացության մակարդակի հետ կապը բացահայտող 95 հետազոտությունների հիման վրա: Հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 2 միլիոն մարդու:

Հաշվարկները ցույց են տվել, որ ամեն տարի ողջ աշխարհում հնարավոր  կլիներ կանխարգելել 7,8 միլիոն վաղաժամ մահեր, եթե մարդիկ ամեն օր տասը բաժին (800 գրամ) բանջարեղեն ու միրգ ուտեին: Այսպես՝ մեկ բաժինը (80 գրամ) մեկ ոչ մեծ բանանն է, խնձորը, տանձը կամ մի մեծ մանդարինը:


Հիմա շատ զարգացած երկրներում խորհուրդ են տալիս օրը 5 բաժին (400 գրամ) միրգ ու բանջարեղեն ուտել: Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ 200 գրամը , այսինքն՝ խորհուրդ տրված նորմայի կեսը օգտագործելու դեպքում հնարավոր է 16 տոկոսով նվազեցնել սրտի հիվանդությունների, 18 տոկոսով՝ ինսուլտի, 4 տոկոսով՝ քաղցկեղի և 15 տոկոսով վաղաժամ մահացությունների ռիսկը: Իսկ ահա 800 գրամ բանջարեղենն ու միրգը 24 տոկոսով են նվազեցնում սրտի հիվանդությունների, 33 տոկոսով՝ ինսուլտի, 13 տոկոսով քաղցկեղի ու 31 տոկոսով վաղաժամ մահվան հավանականությունը:

Այս բոլոր տվյալները հաշվարկվել են սննդակարգում մրգերի ու բանջարեղենի լիակատար բացակայության հետ համեմատության հիման վրա:

Գիտնականները նաև որոշել են ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենները:

Այսպես, սիրտ-անոթային հիվանդություններից ամենալավը պաշտպանում են խնձորը, տանձը, ցիտրուսայինները, կանաչ բանջարեղենը:

Քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում են կանաչ գույնի բանջարեղենը, օրինակ՝ սպանախն ու կանաչ լոբին, դեղին, կարմիր ու նարնջագույն բանջարեղենը, օրինակ՝ բիբարն ու գազարը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը