Լոլիկը կբուժի մաշկային և մազերի հետ կապված խնդիրները, նիհարեցնում է, կարգավորում է սրտի աշխատանքը


Լոլիկը հատկապես օգտակար է ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում, այն նպաստում է ֆոսֆատային քարերի հեռացմանը լյարդից, ինչը կարեւոր է այն դեպքում, երբ կիրառվում է ձմերուկով սննդակարգ։ Լոլիկում պարունակվող քոլինի զգալի քանակության շնորհիվ կարգավորվում է խոլեստերինի մակարդակը, կանխարգելվում լյարդի ճարպակալումը։
Լոլիկի հյութը հակացուցված է` ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, պանկրեատիտի, խոլեցիստիտի սրացման դեպքում։ Այն չի կարելի օգտագործել նույնիսկ թեթեւ թունավորումների դեպքում։
Հոդատապի դեպքում
Լոլիկի 3 ճ/գ տերեւները 5 րոպե եփեք 0,5 լ եռջրում։ Քամեք, լցրեք ոտքերի համար նախատեսված տաք լոգանքի ջրի մեջ։ Մեղմացնում է ցավերը։
Գիրության դեպքում
Քամեք եւ խառնեք թարմ, որակյալ խնձորի, դդումի, լոլիկի եւ կիտրոնի հյութերը (4։2։2։1), խմեք 200-ական մլ առավոտյան եւ երեկոյան։ Հյութերը խմեք պատրաստելուց հետո 10-15 րոպեի ընթացքում, պարտադիր չէ, որ քամեք։ Հյութը նպաստում է սրտի աշխատանքի կարգավորմանը։
Սնունդը` դեղ
1-1,5 կգ մաքրած դդմիկն անցկացրեք խոշոր քերիչով եւ լավ քամեք։ Պտղամսին ավելացրեք 200-400 գ ալյուր, 2 ձու, մեկական ճ/գ աղ եւ կերակրի սոդա։ Խառնեք, մինչեւ դառնա քամած մածունի խտության։ Պատրաստեք 5-10 հատ բլիթ, տապակեք 2 կողմից, վրայից քսեք մայոնեզ, մանրացրած սխտոր, լոլիկի պտղամիս։ Մինչեւ մատուցելը 7-8 ժամ պահեք սառնարանում։
Գեղարարություն
Արեւելքում մազարմատների ամրացման եւ աճի համար դրանց ներմերսում են լոլիկի տրորած պտղամիսը։
Մաշկի ծերացումը կանխարգելող միջոց. Ազատեք լոլիկը կեղեւից, տրորեք 1 ձվի դեղնուցի եւ 1 ճ/գ օսլայի հետ` մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, լվացեք 20 րոպե անց։
Ճարպոտ մաշկը թարմացնող միջոց
– Խառնեք 2 թ/գ լոլիկի պտղամիսը 1 թ/գ կարտոֆիլի օսլայի հետ։ Քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք։
– Խառնեք 3 մաս տոմատի հյութը 1 մաս մաղադանոսի հետ։ Լցրեք կաղապարիկի մեջ եւ սառեցրեք սառնարանի սառցախցիկում։ Մերսեք օրը 1-2 անգամ։
Ուշադրություն։ Վերջին շրջանում դեմքի մերսումը սառցե խորանարդիկների միջոցով լայն տարածում է ստացել, սակայն դեմքի նույն հատվածում սառույցը չի կարելի պահել 1-2 վայրկյանից ավելի, այլ կերպ հնարավոր է հայմորիտի առաջացում։
– Լվացեք դեմքը տաք ջրով եւ օճառով։ Պատեք դեմքը սնուցող քսուքի բարակ շերտով։ Վրայից դրեք օղակաձեւ կտրատած լոլիկը, ծածկեք թանզիֆով, 20 րոպե անց սրբեք դեմքը սառը ջրում թրջած բամբակե խծուծով։
– Մեկ միջին լոլիկի հյութը խառնեք 1 ճ/գ կաթնաշոռի հետ, 15 րոպե պահեք դեմքին, լվացվեք սառը ջրով։
Կորյակների դեպքում. Օգտակար է մշակել դեմքը լոլիկի եւ բժշկական գլիցերինի խառնուրդով (3։1)։
Չոր մաշկի համար. Լավ հասունացած լոլիկը ընկղմեք եռման ջրի մեջ, հանեք կեղեւը, տրորեք քամիչի վրա, հավասարապես քսեք դեմքին եւ պարանոցին, շրջանցելով աչքերը։ 15 րոպեից սրբեք դիմակը անձեռոցիկի օգնությամբ եւ մաքրեք բամբակե խծուծով։ Այս գործողությունից հետո 3 ժամ չի կարելի օգտագործել որեւիցե գեղարարական միջոց։ Դիմակը կարելի է դնել շաբաթը մեկ անգամ եւ կրկնել առնվազն 10 շաբաթ, որից մաշկը կդառնա նուրբ եւ թավշյա։
Նորմալ մաշկի դեպքում. Խառնեք 1 միջին լոլիկի պտղամիսը 2 ճ/գ կաթնաշոռի, 1 ճ/գ կաթի եւ 1 թ/գ արեւածաղկի յուղի հետ։ Պահեք դեմքին 15-20 րոպե։ Լվացեք գոլ ջրով։ Դիմակն ունի թարմացնող, սնուցող հատկություն։
– Խառնեք մեկական թ/գ լոլիկի պտղամիսը, թթվասերը եւ ձվի դեղնուցը։ Պահեք դեմքին 20-30 րոպե։ Լավացնում է մաշկի առաձգականությունը։
Դեմքի կարմրատակման դեպքում. 1 միջին լոլիկի պտղամիսը խառնեք 2 ճ/գ ցորենի ալյուրի հետ, ավելացրեք քառորդ թ/գ կիտրոնի հյութ։ Դիմակը 20 րոպե պահեք դեմքին, լվացեք սառը, ապա գոլ ջրով։
Զգուշացում։ Լոլիկը լեղամուղ է, այդ պատճառով դրա օգտագործումը վտանգավոր է լեղապարկի քարերի առկայության դեպքում։ Աղը նվազեցնում է լոլիկի օգտակար ազդեցությունը, փոխարինեք այն սխտորով, մաղադանոսով։
