Կարմիր կծու բիբարն ազդում է կյանքի տևողության վրա

Դիտումներ 495
Կարմիր կծու բիբարն ազդում է կյանքի տևողության վրա

Մասշտաբային հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չիլի բիբարը սննդակարգում նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, առաջին հերթին՝ ինֆարկտից ու ինսուլտից:

ԱՄՆ Վերմոնտ նահանգի համալսարանի գիտնականների PLoS ONE պարբերականում հրապարակված հետազոտության մեջ ներկայացվել են ավելի քան 16 հազար ամերիկացիների դիետաների, առողջական վիճակի ու կյանքի տևողության տվյալները: Նրանք հետազոտվել են 23 տարվա ընթացքում: Արդյունքում գիտնականները կարողացել են ներկայացնել կծու կարմիր բիբարի սիրահարների տիպիկ դիմանկարը. դա համեմատաբար երիտասարդ, ամուսնացած տղամարդն է, ոչ մեծ եկամուտ ունեցող, կրթական ցածր մակարդակով, ծխող ու ալկոհոլ օգտագործող: Ընդ որում՝ նրա սննդակարգի մեջ միջինում ավելի շատ բանջարեղեն ու միս կա, քան նրանց մոտ, ովքեր չեն սիրում կծու ուտելիքներ:

Սրանից բացի կծու բիբարի սիրահարների մեջ արյան մեջ «վատ» խոլեստերինի քանակն ավելի քիչ է: Հաշվարկները ցույց են տվել, որ այն մարդկանց մեջ, ովքեր պարբերաբար ուտելիքը կծու բիբարով են համեմում, մահացության ցուցանիշը 12 տոկոսով ավելի քիչ է, քան նրանց մեջ, ովքեր կծու ուտելիքներ չեն օգտագործում:


Կծու բիբար ուտելը 13 տոկոսով նվազեցնում է նաև հանկարծամահության հավանականությունը, առաջին հերթին՝ սրտի ու անոթների հիվանդություններով պայմանավորված:

Իսկ ինչով է հիմնավորված կծու բիբարի այս օգտակար ազդեցությունը օրգանիզմի վրա̀ դեռևս չի պարզվել: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ կապսաիցինը, որը պայմանավորում է բիբարի կծու համը, որոշիչ դեր է խաղում օրգանիզմը ճարպակալումից պաշտպանող ու արյան շրջանառությունն ուժեղացնող բջջամոլեկուլային գործընթացներում:

Դրանից բացի, կապսաիցինը հակամանրէածին հատկություն ունի, որն էլ համապատասխան ազդեցություն է գործում աղիքային միկրոֆլորայի վրա:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը