Ձվի բաղադրությունը և հատկությունները


Թվում է, թե ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Բոլոր բաղադրատարրերը, որոնք պարունակվում են ձվի մեջ, առավելագույնս հավասարակշռված են և անհրաժեշտ օրգանիզմի համար:
Որոշ սննդամթերքների օգտակարությունը մշտապես քննարկման առարկա է ինչպես սովորական սպառողների, այնպես էլ գիտական շրջաններում: Այդ մթերքներից է նաև ձուն, որի չափազանց շատ օգտագործումը հաճախ խորհուրդ չի տրվում, քանի որ նպաստում է խոլեստերինի մակարդակի բարձրացմանը մարդու օրգանիզմում։ Սակայն նոր բացահայտումները ցույց են տվել, որ այն ունի մի շարք առողջարար հատկություններ, և մասնագետները խորհուրդ են տալիս չբացառել բուն սննդակարգից:
Առանձին դիտարկենք ձվի երեք բաղադրիչները. դեղնուց, սպիտակուց, կեղև։
Կեղևը հարուստ է կալցիումով։ Ժողովրդական բուժարարները մանրացրած, փոշիացրած կեղևից պատրաստում են ոսկորները և ատամներն ամրացնող դեղորայք։
Հայտնի է, որ հավի ձվի կեղևի վրա սիրում են բնակություն հաստատել զանազան վնասակար բակտերիաներ, այդ թվում նաև` սալմոնելաները։ Կեղևն օգտագործելուց առաջ այն պետք է ենթարկել ջերմային մշակման` առնվազն 3-5 րոպե եփել եռջրում։
Կեղևի վրա կան մոտ 17.000 միկրոսկոպիկ չափեր ունեցող անցքեր, որոնց միջոցով ներթափանցում են մթնոլորտում առկա գազերը` բուրմունքը։ Ձուն լավ է պահպանվում, եթե մակերեսը մշակեք բուսայուղով, փաթաթեք թղթով և պահեք մութ տեղում։ Կեղևից ազատված ձվի միջուկը լավ է պահպանվում սառնախցիկում` կիպ փակված ապակե տարայի մեջ։
Ձվի սպիտակուցը: Մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուների պարունակությամբ բացարձակապես չի զիջում մսին։ Ձվի սպիտակուցն ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը, մասնակցումէ նոր բջիջների կառուցմանը, հյուսվածքների նորացմանը։ Սպիտակուցների մեջ պարունակվում է լիցոզիմ, որը ոչնչացնում է աղիների միկրոֆլորայում գտնվող վնասակար` նեխում առաջացնող բակտերիաները։ Լիցոզիմի պարունակությունը բարձր է թարմ ձվի մեջ և նվազում է պահպանման ընթացքում։ Այս նյութի շնորհիվ է, որ թարմ տնական ձուն ավելի բարձր սննդային արժեք և գին ունի։
Ձվի դեղնուցը հարուստ է տեսողությունը լավացնող A վիտամինով և նաև տոկոֆերոլներով (E)։ Հակաօքսիդանտ հատկություններ ունեցող A և E վիտամինները պաշտպանում են մարդու օրգանիզմն ազատ ռադիկալների հարձակումներից և ուրեմն` նաև վաղաժամ ծերացումից։ Դեղնուցը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք պաշտպանում են մեր նյարդային համակարգը սթրեսից, կանխարգելում են դեպրեսիայի զարգացումը, ամրացնում են մազերն ու եղունգները, պաշտպանում մաշկն ինֆեկցիաներից։ Դեղնուցը պարունակում է նաև կալցիումի յուրացման համար անհրաժեշտ D վիտամին, արյունաստեղծմանը նպաստող և օրգանիզմը թթվածնով սնելու համար անհրաժեշտ երկաթ, նյութերի փոխանակման, արյունը մաքրելու, հիշողության լավացման (և այլն) համար անհրաժեշտ յոդ։
Աղբյուրը ՝ http://tnakan.com
