Ինչպես մաքրել թեյնիկը


Ծորակից եկող ջուրը, որով լցնում ենք թեյնիկը, ժամանակի ընթացքում նստվածք է առաջացնում: Այդ նստվածքի դեմ պայքարելու համար հատուկ միջոցներ կան, որոնք վաճառվում են համարյա բոլոր խանութներում: Սակայն գոյություն ունեն նաև խնդրի դեմ պայքարելու ժամանակի ընթացքում փորձված տնային միջոցներ:
Կիտրոնաթթու: Թեյնիկը 2/3 ծավալով սառը ջուր լցրեք, 1 լիտր ջրին 1ճ.գ. կիտրոնաթթու ավելացրեք: Ջուրը տաքացրեք, թողեք եռա մոտ 5 րոպե: Կարող եք թեյնիկը այդ լուծույթով 1 գիշեր թողնել, առավոտյան լավ լվանալ, մաքուր ջուր լցնել մեջը, եռացնել, թափել: Եթե թեյնիկը լավ չմաքրվի, կրկնեք պրոցեդուրան:
Քացախ: Կիտրոնաթթվի փոխարեն կարելի է 2-2.5 ծավալով թեյնիկին 100մլ 9 տոկոսանոց քացախ օգտագործել: Ջրի ու քացախի խառնուրդը եռացնել 15-20 րոպե, մինչև թեյնիկի պատերը լրիվ մաքրվեն: Այնուհետև թափել լուծույթը, լավ լվանալ թեյնիկը, մեջը մաքուր ջուր եռացնել, թափել:
Գազավորված ըմպելիքներ: Վերջին տարիներին շատ տնտեսուհիներ թեյնիկից նստվածքը հեռացնելու համար գազավորված ըմպելիքների օգնությանն են դիմում՝ «Սփրայթ» , «Ֆանտա», «Կոկա-կոլա»: Եվ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա. դրանք իրենց մեջ կիտրոնաթթու են պարունակում: Դրանք թեյնիկի մեջ լցնելուց առաջ անհրաժեշտ է թողնել, որ գազը դուրս գա: Կիսով չափ լցրեք թեյնիկը այդ ըմպելիքներից մեկով, հասցրեք եռման աստիճանի, թողեք եռա մոտ 5-10 րոպե: Լուծույթը թեյնիկի մեջ թողեք ողջ գիշեր, առավոտյան միջից թափեք այն, լվացեք մաքուր ջրով:
Եվ վերջում. թեյնիկի նստվածքը մաքրելու որ մեթոդից էլ օգտվելու լինեք, հիշեք, որ վերջում պարտադիր է այն լավ լվանալը: Թեյնիկի մեջ մնացած քիմիական նյութերը կարող են թունավորման պատճառ դառնալ:
