Ինչպես ճիշտ տապակել կարտոֆիլը


Տապակած կարտոֆիլը մեծահասակների ու երեխաների ամենասիրելի ուտեստներից մեկն է: Թվում է, թե այն պատրաստելը բարդ գործ չէ, սակայն բոլորի մոտ չէ, որ այն ոսկեգույն, համեղ ու ախորժալի է ստացվում: Որպեսզի պատրաստելիս այն ոչ միայն համեղ ստացվի, այլ նաև ախորժալի տեսք ունենա, պետք է հաշվի առնել հետևյալ կանոնները:
- Տապակելու համար լավ է ընտրել քիչ օսլա պարունակող կարտոֆիլ:
- Ավելորդ օսլայից ազատվելու համար կեղևազրկված կարտոֆիլը պետք է որոշ ժամանակ սառը ջրի մեջ թողնել:
- Կարտոֆիլը կտրատելիս ուշադիր եղեք, որ նրանց լայնությունը 1սմ-ից ավելի կամ պակաս չլինի. ավելի փոքր լայնությամբ կտրատված կարտոֆիլը չոր կստացվի, 1սմ-ից լայնն էլ՝ կիսաեփ կմնա:
- Արդեն կտրատված կարտոֆիլը պետք է մի քանի անգամ հոսող ջրի տակ լվանալ՝ օսլայի ավելցուկից ազատվելու համար:
- Տապակելուց առաջ կարտոֆիլը պետք է չորացնել: Այն կարելի է տեղադրել կտորից անձեռոցիկի վրա:
- Կարտոֆիլը լավ է փոքր չափաբաժիններով կամ էլ լայն հատակով թավայի մեջ տապակել: Եթե տեղը շատ լինի, դրանք հաստատ իրար չեն կպչի: Չուգունե թավան կարտոֆիլ տապակելու համար ամենից հարմարն է:
- Կտրատված ու չորացրած կարտոֆիլը պետք է լցնել միայն արդեն լավ տաքացրած թավայի մեջ: Շատ համեղ է ստացվում սալով տապակած կարտոֆիլը: Դրա համար կտրատված սալը պետք է տեղադրել թավայում, թողնել հալվի, ապա մնացած փոքր սալի կտորները հանել, լցնել կարտոֆիլը:
- Լցնելուց հետո պետք չէ միանգամից խառնել կարտոֆիլը: Սպասեք մինչև այն մի քիչ կարմրի: Պետք չէ նաև շատ հաճախ խառնել այն. պատրաստելու ընթացքում 3-4 անգամը լրիվ բավարար է: Կարտոֆիլը պետք է տապակել միջին ուժգնության կրակի վրա:
- Տապակած կարտոֆիլին աղ անել պետք է պատրաստ լինելուց 3-5 րոպե առաջ: Եթե լցնելուց անմիջապես հետո աղ անեք, այն տապակելիս կփխլվի:
- Եթե որոշել եք կարտոֆիլը սոխով ու սխտորով տապակել, ապա դրանք պետք է ավելացնել կարտոֆիլը պատրաստ լինելուց 5-7 րոպե առաջ, որպեսզի չվառվեն:
- Շատ համեղ է ստացվում սնկերի հետ տապակած կարտոֆիլը: Սակայն դրա համար սունկը կարտոֆիլից առանձին ու նախօրոք է պետք տապակել, և միայն հետո, կարտոֆիլը պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ ավելացնել դրան:
- Տապակելու վերջում, հատկապես եթե խոշոր կտորներով եք կտրատել, պետք է մի քանի րոպեով փակել թավայի կափարիչը:
