Ինչ է թութքը։ Տարածվածություն, Ախտապատճառ և Բարդություններ


Թութքը թութքային հանգույցների ախտաբանական մեծացումն է, դրանց արտանկումը հետանցքային ուղուց և հաճախակի բորբոքումը:
Տարածվածություն:
Ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Հիվանդության տարածվածությունը հազար մեծահասակների շրջանում 118-120 հիվանդ է: Դրանց տեսակարար կշիռը հաստ աղու հիվանդությունների կառուցվածքում տատանվում է 34-41%-ի սահմաններում:
Տղամարդկանց և կանանց շրջանում հիվանդության հարաբերակցությունը կազմում է 14:1: Այս միտումը արտահայտվում է 40-60 տարեկան աշխատունակ տղամարդկանց շրջանում` պայմանավորված նրանց ֆիզիկական աշխատանքով, ծանրաբեռնվածությամբ և վնասակար սովորություններով, որոնք նպաստում են թութքի առաջացմանը:
Ախտապատճառ:
Թութքային հանգույցների հիմքում գտնվում են խորշիկավոր մարմինները, որոնք նորմալ սաղմնածագման /էմբրիոգենեզի/ ընթացքում տեղադրվում են ուղիղ աղու հեռադիր /դիստալ/ հատվածում`անոռեկտալ գծի առջև, և հետանցքային ուղումª շեքի մաշկի տակ: Խորշիկավոր մարմինները հազվադեպ են շրջանաձև դասավորվում, դրանք հիմնականում կուտակվում են 3-4 առանձին խմբերով, որոնց տեղակայումը համապատասխանում է թութքային հիմնական հանգույցների տեղակայմանը` ըստ ժամացույցի թվահարթակիª ժամը 3-ին, 7-ին, 11-ին: Թութքային հանգույցների մեծացման պատճառը խորշիկավոր գոյացություններում արյան շրջանառության խանգարումներն են: Այդ փոփոխություններն հաճախ կատարվում են անբարենպաստ գործոնների առկայությամբ` նստակյաց և քիչ շարժուն կենսաձևեր, փորկապություններ, դժվարացած կղման ժամանակ գործադրվող ճիգեր, ոչ ճիշտ սնուցում, հղիություն, ալկոհոլի չարաշահում: Այս գործոնների ազդեցությամբ թութքային հանգույցները մեծանում են, տեղաշարժվում են հեռադիր /դիստալ/ ուղղությամբ, պահող համակարգում միաժամանակ զարգանում են դիստրոֆիկ /տարաճուն/ փոփոխություններ: Վերը նշված խանգարումների հետևանքով տեղի է ունենում թութքային հանգույցների արտանկում:
Ախտածնություն:
Թութքի գոյացման գործընթացում առաջատար են հեմոդինամիկ և դիստրոֆիկ գործոնները: Հեմոդինամիկ գործոնի հիմքը խորշիկավոր մարմնիկների արյան ներհոսքը և արտահոսքը ապահովող անոթների դիսֆունկցիան է: Այն գերլցանում է խորշիկավոր մարմնիկները` նպաստելով թութքային հանգույցների առաջացմանը: Ներպատային խխունջանման զարկերակների և խորշիկավոր երակների ֆունկցիոնալ խանգարումները առաջացնում են զարկերակ-երակային բերանակցումների զարկերակային ծնկի լուսանցքի լայնացում: Զարկերակային արյան ներհոսքի ուժեղացման հետևանքով գերլցվում են խորշիկավոր գոյացությունները: Արյան արտահոսքի նվազումը երակային համակարգում նպաստում է թութքային հանգույցների կրկնակի մեծացմանը: Դիստրոֆիկ գործընթացները ուղիղ աղու ենթալորձային շերտի ընդհանուր միջաձիգ մկանում և Պարկսի կապանում/ խորշիկավոր մարմնիկները պահում են հետանցքային խողովակում/ նպաստում են թութքային հանգույցների աստիճանական, բայց անվերադարձ արտանկմանը:
Ախտորոշում:
Տարբերակիչ ախտորոշում: Թութքը դժվար չէ ախտորոշել: Հիվանդությունն ախտորոշվում է հարցուփորձի և հիվանդի առաջին ամբուլատոր զննման ժամանակ: Զննման ընթացքում պետք է գնահատել հետանցքի շրջանի մաշկային ծածկույթների վիճակը, թութքային հանգույցների արտանկման աստիճանը, դրանցª դեպի հետանցքային ուղի ինքնուրույն ներքաշվելու հնարավորությունը և արյունահոսության արտահայտվածությունը: Թութքային հանգույցները արտահայտվում են աղիքի լուսանցքի մեջ արտափքված մուգ բալագույն, փափուկ, էլաստիկ լորձաթաղանթով ծածկված գոյացությունների ձևով: Մատնային հետազոտության ժամանակ պետք է որոշել ուղիղ աղիքի փակիչ համակարգի ֆունկցիոնալ վիճակը:
Աղբյուրը ՝ http://doctors.am/hy/diseases/hemorrhoids
