Ինչ է քրոնիկական հոգնածության համախտանիշը և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառներն ու ախտանշանները: Գրում է med.tert,am-ը


Քրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդություն է, որն առավել շատ տարածված է քաղաքակիրթ երկրներում: Այս հիվանդությունը դրսևորվում է երկարատև հոգնածության զգացումով, որից հիվանդը չի կարողանում ազատվել անգամ լիարժեք հանգստից հետո:
Հիվանդության առաջացման պատճառները
Քրենիկական հոգնածության համախտանիշը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով: Դրանց շարքին են դասվում.
· որոշակի դեղամիջոցների ընդունումը (հակահիստամինային դեղամիջոցներ, քնաբեր դեղամիջոցներ, դեղորայք հազի ու մրսածության դեմ և այլն),
· հիվանդությունները, որոնք նպաստում են հիվանդի շնչառության վատացմանը (քրոնիկական բրոնխաբորբ, ասթմա և այլն)
· սրտային անբավարարությունը, որի դեպքում խանգարվում են սրտի կծկումների հաճախականությունն ու ինտենսիվությունը և այն պատշաճ կերպով չի կատարում իր գործառույթները,
· դեպրեսիան ու տագնապը, վատ տրամադրությունն ու մռայլ մտքերը,
· քնի և սննդի ընդունման ռեժիմի խանգարումները:
Հաճախ նման ախտանշան է ի հայտ գալիս վիրուսային վարակի բուժումից մեկ ամիս անց: Բացի այդ, գերհոգնածությունը կարող է լինել որոշ լուրջ հիվանդությունների վաղ ախտանշանը: Նման հիվանդությունների շարքին են դասվում հեպատիտը, քաղցկեղը, շաքարային դիաբետը, սակավարյունությունը (անեմիա), սրտի հիվանդությունները, ճարպակալումը, հիպոթիրեոզը, ռևմատոիդ արթրիտը և այլն:
Հիվանդության ախտանշանները
Սովորաբար գերհոգնածության զգացումից մարդիկ ազատվում են լիարժեք հանգստից կամ արձակուրդից հետո: Հաճախ նման դեպքերում պարզապես հարկավոր է լինում թույլ տալ օրգանիզմին հանգստանալ և վերականգնել ուժերը: Սակայն եթե այս խնդիրը շարունակում է անհանգստացնել բավական երկար ժամանակ, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին:
Որպես կանոն՝ քրոնիկական հոգնածության համախտանիշի հիմնական ախտանշանը գերհոգնածությունն է, սակայն այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնց շարքին են դասվում.
· հիշողության վատացումն ու կենտրոնացման հետ կապված խնդիրները,
· ֆարինգիտը,
· պորանոցի և թևատակերի հատվածի ավշային հանգույցների բորբոքումը,
· անբացատրելի մկանային ցավը,
· հոդացավերը (այս դեպքում հոդերը չեն այտուցվում և այդ հատվածի մաշկը չի կարմրում),
· սաստիկ գլխացավերը,
· քնի հետ կապված խնդիրները,
· սաստիկ հյուծումը (այս դեպքում մարդը չի կարողանում վերականգնել ուժերն անգամ աշխատանքային օրվանից հետո 24 ժամ անց):
Շատ հաճախ քրոնիկական հոգնածության համախտանիշը դժվար է լինում ախտորոշել, քանի որ դրա ախտանշանները շատ նման են մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններին: Այս դեպքում բժիշկը նախ պետք է բացառի հնարավոր մյուս հիվանդությունները, այնուհետև նշանակի անհրաժեշտ բուժումը:
Հարկ է հիշել, որ այս խնդրի ախտորոշման հիմնական չափորոշիչը 6 ամիս և ավել անհանգստացնող գերհոգնածությունն է և նշված ախտանշաններից 4-8-ի առկայությունը: Բացի այդ, այս խնդրի դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ այն հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/22/Chronic-fatigue-syndrome/47604
