Ինչ է ալոճը և նրա օգտակար հատկությունները

Ալոճենու այլ անվանումներն են` սզնի, վայրի խնձոր, սարի խնձոր, այլ: Գիտական անվանումն է` Crataegus:
ՀՀ բնական պայմաններում հանդիպում են ալոճենու մի քանի տեսակներ.
*Սզնի հայկական՝ 2-2,5 մ բարձրությամբ թուփ է։ Փշերը սակավաթիվ են,ծաղիկները սպիտակ են, ծաղկաբույլերը` վահանաձև։ Պտուղը գինեկարմիր է, պտղամիսը պարունակում է մեկ կորիզ։ Տիպիկ հայկական բույս է:
*Սզնի Զանգեզուրի՝ 1-2 մ բարձրությամբ թուփ է,Պտուղը սև է, պարունակում է 1-3 կորիզ։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզի միջին լեռնային գոտում, ժայռոտ կիրճերում:
*Սզնի արևելյան՝ 3-7 մ բարձրությամբ ծառ է,պտուղը գնդաձև է, կարմրանարնջագույն, թթվաշ համով։ Տարածված է Փոքր Ասիայում, ՀՀ միջին լեռնային գոտիների անտառային շրջաններում, թփուտներում, չոր լանջերին։
*Սզնի արնակարմիր (C.sanguinea)՝ հանդիպում է ՀՀ ցածրադիր լեռնային գոտիներում, 5-6 մ բարձրությամբ ծառ է: Ծաղկաթերթերը սպիտակ են,պտուղները խնձորանման են, արնակարմիր գույնի, պարունակում է 2-4 կորիզ։
ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈւՆԸ
Ալոճենի արնակարմիրի պտուղները պարունակում են ֆլավոններ, օրգանական թթուներ (կիտրոնի, օլեանոլի, ուրսոլի, կոֆեինի, քլորոգենի, բույսին բնորոշ կրատեգուսի), կարոտինային նյութեր, դաբաղանյութեր, ճարպային յուղեր, պեկտին, քոլին, ասկորբինաթթու ու այլ վիտամիններ, ֆրուկտոզա, սորբիտ, սիտոստերիններ, ներկանյութեր, այլ:
Ծաղիկները պարունակում են ֆլավոններ, կարոտինային նյութեր, քոլին, եթերային յուղեր, օրգանական թթուներ։
ՈՐՈՇ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ
Բժիշկ Դիոսկուրոսը (Ք.հ. 1-ին դար) բույսը կոչել է «ուժեղ և հզոր» ոչ միայն այն պատճառով, որ ալոճենին ապրում է մինչև 500 տարի։ Ալոճենին հնուց օգտագործվել է որպես սրտի բալասան:Ֆրանսիայի արքա Հենրի 4-րդի անձնական բժիշկ Կվերցետանուսը ստացել է «սրտի հավերժ երիտասարդության» բալասան-բուժահեղուկն ալոճենու պտղից և ծաղկից։
1930թ. բժիշկ հոմեոպատ Հասմանն ապացուցել է, որ ալոճենու պտուղը և ծաղիկն ունեն «նպատակամղված» դրական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա։
1936թ. կենաքիմիկոս Սենտ-Դյորդին հայտնաբերել է, որ որոշ բույսերի մեջ կան P-վիտամինային ակտիվություն ցուցաբերող ֆլավոններ։ Նոբելյան մրցանակակիրը հետազոտել է ծիրանը, խաղողը, կարմիր գինին և թեյի ծառի տերևը։
Ապացուցված է, որ ալոճենին նույնպես հարուստ է ֆլավոններով և հատկապես կվերցետինով։
Կլինիկական փորձարկումները հաստատել են, որ կվերցետինի կիրառումը լավ արդյունքներ է տալիս սրտի իշեմիկ հիվանդության, հեպատիտի, ալերգիայի, իմունային անբավարարության, աթերոսկլերոզի, օնկոլոգիական, բորբոքային և այլ հիվանդությունների համալիր բուժման ընթացքում։
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ
*Հիպերտոնիա. 20 գ չոր պտուղները լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք փակ վիճակում։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։
-Աթերոսկլերոզի դեպքում. խմեք 200-ական մլ,նախաճաշից ու քնելուց առաջ։
*Սրտի անբավարար աշխատանք, այտուց. Խառնեք ձիաձետ դաշտայինի և մատիտեղ թռչնի խոտերը, ալոճենու ծաղիկ (2։3։5)։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 2-3 անգամ։
*Սրտասնույց անոթների արյան շրջանառությունը լավացնող. 3 ճ/գ չորացրած ծաղիկը 30 րոպե թրմեք 600 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
*Հևոց, գլխապտույտ, սրտի հիվանդություններ. Խառնեք հավասար քանակությամբ ալոճենու մանրացրած ծաղիկն ու պտուղը։ 3 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 600 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։
*Ստենոկարդիա. Խառնեք 2-ական ճ/գ ալոճի պտուղ և առյուծագի խոտ։ 24 ժամ թրմեք ջերմապահի մեջ՝ 600 մլ եռջում, քամեք։ Խմեք 200-ական մլ`օրը 3 անգամ։
*Առիթմիա. Մանրացրեք ալոճենու ծաղիկը, 1 թ/գ հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
*Դաշտանադադար. Ալոճենու թարմ ծաղկի հյութը 15 օր թրմեք օղու մեջ (1։2)։ Խմեք 40-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, 50 մլ ջրով։ Շարունակեք 14 օր։
ԶԳՈւՇԱՑՈւՄ։ Բաղադրատոմսերը կիրառել միայն բժշկի թույլտվությամբ։ Ալոճենուց ստացված պատրաստուկները չի կարելի երկարատև խմել։
Ալոճենու պտուղը չի կարելի ուտել քաղցած վիճակում,ուտելուց հետո չի կարելի ջուր խմել։
Աղբյուրը ՝ http://www.magaghat.am
