Հորմոնալ դիսբալանսի մասին վկայող ախտանշաններ, որոնք կարող են արտահայտվել մարդու արտաքինի վրա: Գրում է med.tert.am-ը


Մարդու օրգանիզմում շատ բան է կախված հորմոններից: Իրականում դրանք շատ ավելի կարևոր են, քան մարդիկ կարծում են, և հենց սա է պատճառը, որ հորմոնալ դիսբալանսը խիստ բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա և կարող է փչացնել անգամ մարդու արտաքինը:
AdMe.ru կայքը ներկայացրել է ինչ ախտանշաններ են ի հայտ գալիս հորմոնալ դիսբալանսի դեպքում և ինչ է հարկավոր անել այդ ժամանակ:
1. Ակնե
Բշտիկները կարող են վկայել մաշկի սխալ խնամքի կամ սխալ սննդակարգի մասին: Բացի այդ, դրանք ի հայտ են գալիս նաև դաշտանից առաջ, սակայն եթե ակնեն պայմանավորված չէ նշված գործոններով և բշտիկներից ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը պայմանավորված է հորմոնալ դիսբալանսով:
2. Ավելորդ քաշ
Եթե մարդը շարունակում է գիրանալ անգամ ճիշտ սնվելու և մարզվելու դեպքում, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել հորմոնալ խանգարումով:
Ընդ որում՝ հարկավոր է հաշվի առնել, որ հորմոնալ դիսբալանսը թույլ չի տալիս ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլև քաշ հավաքել չափազանց նիհար լինելու դեպքում:
3. Հոգնած տեսք
Հորմոնալ դիսբալանսը հաճախ դառնում է քնի խանգարման պատճառ: Ընդ որում՝ նման խնդիրների դեպքում անգամ 8-ժամյա լիարժեք քունը չի օգնի հանգստանալ:
4. Առատ քրտնարտադրություն
Առատ քրտնարտադրությունը ոչ միշտ է կապված լինում հորմոնալ խանգարումների հետ, սակայն ամեն դեպքում խորհուրդ է տրվում ստուգել հորմոնների մակարդակը՝ հատկապես, եթե այս ախտանշանն ուղեկցվում է ջերմության զգացումով:
5. Մուգ հետքեր աչքերի տակ
Հորմոնալ դիսբալանսի դեպքում մարդիկ հաճախ տառապում են անքնությունից, ինչի հետևանքով էլ աչքերի տակ մուգ հետքեր են առաջանում: Հարկ է հիշել, որ քրոնիկական անքնությունը կարող է վկայել տղամարդկանց մոտ տեստոստերոնի պակասի, իսկ կանանց մոտ պրոգեստերոնի պակասի մասին, ուստի այս ախտանշանի դեպքում հարկավոր է խորհրդակցել ներզատաբանի (էնդոկրինոլոգ) հետ:
6. Դեպրեսիա (ընկճախտ)
Դեպրեսիան նույնպես կարող է լինել հորմոնալ խանգարման ախտանշան: Հարկավոր է հաշվի առնել, որ կանանց դեպքում նման վիճակը կարող է բնական լինել դաշտանային ցիկլի որոշակի հատվածում, հղիության ընթացքում, ինչպես նաև դաշտանադադարից հետո: Սակայն, եթե այս ախտանշաններն առավել հաճախ են նկատվում, ապա խորհուրդ է տրվում խորհրդակցել ներզատաբանի հետ:
7. Կանանց կրծքի ձևի փոփոխություն
Էստրոգենի պակասի դեպքում կանանց կրծքի փափուկ հյուսվածքները հաճախ թուլանում են ու կորցնում իրենց առաձգականությունը, իսկ այդ հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է դառնալ արտասովոր պնդացումների առաջացման պատճառ: Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
8. Մազաթափություն
Մազաթափությունը լուրջ խնդիր է, որից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ կոսմետիկ ու բնական միջոցներ: Սակայն, եթե անգամ լավագույն շամպունները չեն օգնում դադարեցնել մազաթափությունը, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
9. Անցանկալի մազեր
Հորմոնալ խանգարումները հաճախ ուղեկցվում են նաև անցանկալի մազերի աճով: Կանանց մոտ կրծքի հատվածում, դեմքին և այլ ոչ բնորոշ հատվածներում մուգ մազերի ի հայտ գալը խոսում է հորմոնալ լուրջ խանգարման մասին, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Ինչ է հարկավոր անել հորմոնալ դիսբալանսի դեպքում
Հորմոնալ ֆոնը կարող է հեշտությամբ խանգարվել, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Ընդ որում՝ դիսբալանսը կարող է վկայել օրգանիզմում տեղի ունեցող բնական փոփոխությունների մասին կամ պայմանավորված լինել որոշակի օրգանների աշխատանքի խանգարումներով: Նմանատիպ խանգարումների առաջացման հստակ պատճառը կարող է պարզել միայն ներզատաբանը, ուստի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է առաջին հերթին բուժզննում անցնել և հետևել բժշկի բոլոր ցուցումներին:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/04/11/hormonal-disbalans/51144
