Հոգեբանը խոսել է Հայաստանում դեպրեսիոն ապրումների, հոգեկան խնդիրների, տագնապային խանգարումների և մի շարք հոգեբանական հիվանդությունների մասին

Աշխարհի բոլոր երկրներում բնակչության մոտ 15 տոկոսի մոտ մտավոր կամ հոգեկան շեղումներ կան: Հայաստանում նման խնդիրներ են գրանցվել բնակչության ընդամենը 1 տոկոսի մոտ: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ այդ խնդիրներն ավելի քիչ տարածում ունեն: Պարզապես մեզ մոտ բավարար վիճակագրական տվյալներ չկան, պնդում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Բանն այն է, որ Հայաստանում վիճակագրությունը հաշվի է առնում միայն այն մարդկանց, որոնք բուժվել են կամ բուժվում են հոգեբուժարաններում: Իսկ նրանք, ովքեր բուժվում են մասնավոր բժիշկների մոտ կամ հոգեբանի են այցելում կամ էլ առհասարակ ոչ մի օգնություն չեն ստանում, այդ վիճակագրության մեջ չեն մտնում:
«Կեղծ տպավորություն է ստեղծվում, որ մեզ մոտ հոգեկան խանգարումներով մարդիկ ավելի քիչ են, քան մյուս երկրներում, սակայն իրականում դա այդպես չէ»,- նշեց հոգեբանը:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս կամ այն հոգեկան կամ վարքագծի շեղումներով տառապում է աշխարհում ամեն 4-5-րդ մարդը: Ըստ տարբեր տեղեկությունների՝ բնակչության շրջանում ամենից շատ տարածված հիվանդություններն ու խանգարումներն են.
- Դեպրեսիա (9-20%)
- Կրկնվող դեպրեսիվ խանգարում (5-11%)
- Տագնապային խանգարում (5-10%)
- Ալկոհոլից կախվածություն (7-8%)
- Դիստիմիա (2-6%)
- Խուճապային խանգարում (1.5-4%)
- Սոմատոֆորմ խանգարում(1-4%)
- Ադապտացիոն խանգարում (0.5-2.5%)
