Հիշողությունը բարելավելու 15 մեթոդ


Գիտնականների հավաստմամբ հիշողության վրա ազդող հիմնական գործոնները ուղեղի ակտիվ աշխատանքն ու արյան լավ քիմիական բաղադրությունն են:
Գոյություն ունեն հիշողության հատուկ վարժություններ՝ կանոններ, որոնց հետևելու դեպքում կարելի է զարգացնել ու բարելավել այն:
- Առողջ կենսակերպ վարեք: Մեր օրգանիզմն ավելի խելացի է, քան մեզ թվում է: Եթե հայտնաբերել եք, որ ցրված ու մոռացկոտ եք դարձել, դա պետք է որպես նախազգուշացում դիտեք ու վերանայեք ձեր կենսակերպը՝ սնունդը, սովորույթները:
- Ազատեք ուղեղը անպիտան ինֆորմացիայից: Հաճախ մենք մեծ քանակի անպիտան տեղեկատվություն ենք պահում ուղեղում. պետք չէ ամեն ինչ հիշել: Գրանցամատյան պահեք, առօրյա հարցերը գրառեք, կատարելուց հետո ջնջեք դրանք:
- Պարերով զբաղվեք: Պարելը ոչ միայն օգնում է գեղեցիկ կառուցվածք ունենալ, այլ նաև մարզում է ուղեղը:
- Հետևեք քնին: Գիտնականները պարզել են, որ քնած ժամանակ հիշողության համար պատասխանատու նոր նեյրոնային կապեր են առաջանում: Աշխատեք 24:00-ից ուշ չպառկել քնելու:
- Կարդացեք: Կարդալու ժամանակ մենք ավտոմատ հիշում ենք մեզ հետաքրքիր տեղեկատվությունը. կարդալիս մենք երևակայում ենք, կապում ենք կարդացածը կերպարների հետ: Կարդալը լավ միջոց է հիշողությունը զարգացնելու, բառապաշարն ընդլայնելու ու ինտելեկտը բարձրացնելու համար:
- Սերտեք: Հիշողությունը լավ մարզում է նյութի սերտումը, սակայն անգիր արեք միայն այն, ինչ հասկացել եք: Ուղեղի համար օգտակար է նաև օտար լեզուներ սովորելը: Անգիր արեք օտար բառեր, պետությունների մայրաքաղաքները, հայտնի մարդկանց խոսքերը, հատվածներ գրական երկերից:
- Ինչպե՞ս է հեշտ հիշել: Ասոցիացիաներ ստեղծեք այն գործողությունների հետ, որոնք չեք կարողանում մտապահել: Օրինակ՝ եթե ամեն անգամ չեք կարողանում հիշել՝ անջատել եք արդուկը տանից դուրս գալիս, թե ոչ, այն անջատելու ժամանակ կարող եք ծամածռել դեմքը: Բնակարանից դուրս գալուց հետո այդպես ավելի հեշտ կկարողանաք հիշել, որ սարքն անջատված է:
- Խաղեր խաղացեք: Օրվա մեջ կես ժամ տրամադրեք տրամաբանական խաղերին: Այս դեպքում ուղեղը մտածում է, հիշում է մրցակցի ու սեփական քայլերը, ստրատեգիա է մշակում, փորձում է գուշակել հաջորդ քայլը:
- Սննդի մեջ հիշողության համար օգտակար մթերքներ օգտագործեք:Ուղեղի ճիշտ աշխատանքի համար վիտամիններով ու հանքանյութերով հարուստ սնունդ օգտագործեք:
- Ի՞նչ է եղել երեկ: Փորձեք վերհիշել նախորդ օրը կատարված դեպքերը: Ապա փորձեք նույնն անել հակառակ հերթականությամբ: Գուցե դժվար լինի, փոխարենը այս վարժությունը լավ կմարզի ուղեղը:
- Պլանավորեք օրը: Երեկոյան հաջորդ օրվա պլանը կազմեք: Պլանավորեք որ ժամին որտեղ եք գտնվելու ու ինչ եք անելու:
- Սպորտով զբաղվեք: Սպորտով զբաղվելիս թթվածնով ու օգտակար նյութերով հարուստ արյունը խուժում է ուղեղ, և այդպես բարելավվում է տեղեկատվության վերամշակման ու պահպանման գործընթացը:
- Երաժշտություն լսեք: Ուղեղի ակտիվության համար լավագույնը դասական երաժշտությունն է: Աշխատեք հիշել երգերի բառերը:
- Ձեռագործով զբաղվեք: Հիշողության մարզման համար արդյունավետ են մաքրամեով զբաղվելը, գործելը, ծեփելը: Տղամարդիկ կարող են ինքնաթիռներ ու նավակներ պատրաստել: Այս ամենը կօգնի ոչ միայն բարելավել հիշողությունն ու մտածողությունը, այլև կանցկացնի նյարդային գրգռվածությունը:
- Հիշողությունը զարգացնող վարժություններ արեք: Օրինակ, տարբեր նկարներով (մրգերի, կենդանիների, թռչունների) 6 տարբեր գույների քարտեր կամ սովորական խաղաքարտեր վերցրեք, շարեք դրանք ձեր առջև, 45 վայրկյան նայեք, ապա հակառակ երեսին շրջեք ու փորձեք հիշել քարտերի տեղադրությունը: Հետո կարող եք աստիճանաբար բարդացնել խնդիրը՝ խաղաքարտերն ավելացնելով ու ժամանակը կրճատելով: Որոշ ժամանակ հետո կնկատեք, որ հիշողությունը բարելավվել է:
