Գիտնականները պարզել են, թե սթրեսի ժամանակ ինչ հոտ է գալիս մարդուց
Մարդու սթրեսը սոխի եւ վայրի սխտորի հոտ ունի, պնդում են Ճապոնիայի Shiseido խոշոր կոսմետիկական ընկերության մասնագետները: Նրանք պարզել են, որ հենց այդպիսի հոտեր է արձակում մաշկը, երբ մարդը հանկարծ հայտնվում է նյարդային լարվածության վիճակում: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Shiseido-ի եզրակացությունները հիմնված են չորս տարի կատարված գիտափորձերի արդյունքների վրա: Դրանց մասնակցել են 500 կամավորներ՝ 20-ից մինչեւ 70 տարեկան տղամարդիկ եւ կանայք: Փորձերի ընթացքում նրանց հարկադրել են կատարելու դժվար եւ անսպասելի խնդիրներ, որոնք սթրեսային իրավիճակներ են առաջացնում: Որքան մեծ է եղել նյարդային լարվածությունն, այնքան ուժեղ է մարդկանց մաշկը յուրահատուկ հոտով գազ արձակել, որը Shiseido-ի փորձագետներն անվանել են «սթրեսի հոտ»:
Դրա արտազատման ինտենսիվությունը, ինչպես պնդում են, տարբերվում է՝ կախված մարդուց, բայց, ընկերության տվյալներով՝ այդ հատկությունը բնորոշ է բոլոր մարդկանց: Դրա հետ մեկտեղ, ինչպես պարզել են փորձագետները, ուրիշի «սթրեսի հոտը» մարդկանց մոտ հոգնածության զգացողություն է առաջացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Աղբյուր ՝ https://168.am/2018/10/07/1020451.html