Գագիկ Սուրենյանը խոսել է առաջիկա օրերի եղանակի մասին և նշել, որ Հայաստանը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում


Առաջիկա օրերին Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը կպահպանվի մինչեւ ամսի 10-ը ներառյալ: Բայց այս ցիկլոնի առանձնահատկությունն այն է, որ հիմնականում ակտիվանալու է երեկոյան եւ գիշերային ժամերին:
«Ցերեկային ժամերին հիմնականում կգերակշռի տաք, արեւային եղանակ, երեկոյան ժամերին պրոցեսը կզարգանա, աստիճանաբար կամպի, ամպրոպներ կսկսվեն: Շրջանների զգալի մասում կանխատեսվում են կարճատեւ անձրեւներ, առանձին հատվածներում չի բացառվում նաեւ կարկուտ:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 5-ին, 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 5-ին, 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին անձրևի հավանականությունը փոքր է:
