Գագիկ Սուրենյանը նշել է, թե երբ է լինելու ամենացուրտ գիշերը


«Ամենացուրտ գիշերը կլինի նոյեմբերի 26-ին։ Լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի —16-ից —18 աստիճանի, Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվի մինչև —5, —8 աստիճան ցուրտ»,- ասաց նա։
Սուրենյանի խոսքով` նոյեմբերի 22-ին Հայաստան մտած հզոր ցիկլոնն արդեն դուրս է եկել մեր տարածաշրջանից, բայց այսօր երեկոյան Հայաստանին է մոտենում հաջորդ մթնոլորտային ճակատը։
«Սևծովյան շրջաններից մոտեցող մթնոլորտային ճակատի ուժը մի քանի անգամ ավելի թույլ է, քան նախորդը։ Երեկոյան ժամերին և առաջիկա գիշերվա ընթացքում շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով»,- ասաց նա` նշելով, որ այս պահին տեղումները շարունակվում են Գեղարքունիքի առանձին հատվածներում, Սյունիքում և Արցախում։
Վաղը ցերեկը տեղումները կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։
Ըստ Սուրենյանի` նոյեմբերի 26-ից եղանակը լիարժեք կպարզվի, բայց օդի ջերմաստիճանի նվազումը շարունակվելու է մինչև ամսի 26-ը ներառյալ:
