Բազուկի օգտակարության մասին


Բազուկի բաղադրության մեջ հսկայական քանակի օգտակար նյութեր են մտնում: Այս բանջարեղենի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ օգտակար բաղադրիչները պահպանվում են նաև ջերմամշակումից հետո:
Այդ պատճառով եփած բազուկը օրգանիզմի համար նույնչափ օգտակար է, ինչքան որ հումը:
Օգտակարությունը
- Բազուկն օգտակար է խրոնիկ փորկապության դեպքում: Օրգանական թթուների, բջջանյութի շնորհիվ այն կարգավորում է նյութափոխանակման գործընթացները: Բազուկը մաքրում է աղիները, ոչնչացնում մանրէները:
- Բազուկը բետաին է պարունակում, որն էլ կարգավորում է ճարպափոխանակությունը, խոչընդոտում է լյարդի ինֆիլտրացիան ու արյան ճնշման բարձրացումը: Բազուկում առկա բետաինն իր գործառույթները կատարում է և′ նոր քամված հյութ օգտագործելիս, և′ բորշչի մեջ՝ եփված վիճակում: Խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդությունների դեպքում:
- Բազուկի մեջ առկա մագնիումը օգնում է աթերոսկլերոզի ու հիպերտոնիայի դեպքում:
- Բազուկը միզամուղ, թուլացնող հատկություն ունի: Այն ցավազրկում է, հակաբորբոքային ազդեցություն է թողնում, օգնում է օրգանիզմին վերականգնվել հիվանդություններից հետո, պայքարել դեպրեսիաների դեմ ու բորշչի տեսքով հիանալի միջոց է խումհարից դուրս գալու համար:
- Բազուկն օգտակար է արյունաստեղծ օրգանների համար: Նրա մեջ մտնում են միկրոտարրեր, որոնք պատասխանատու են արյունաստեղծման գործընթացի համար: Մարդիկ, որոնց սննդակարգում բազուկը մեծ տեղ ունի, հազվադեպ են տառապում սակավարյունությամբ:
- Բազուկը անհրաժեշտ է նաև հղիներին: Ֆոլիենային թթուն, որը մտնում է նրա բաղադրության մեջ, կենսական անհրաժեշտություն է հղիության սկզբնաշրջանում՝ երեխայի ձևավորման փուլում, քանի որ այս նյութը ապահովում է երեխայի առողջ նյարդային համակարգի ձևավորումը: Բացի այդ, հղիության շրջանում հաճախակի են փորկապությունները, ուստի այս իմաստով ևս բազուկը շատ տեղին կլինի:
- Յոդի մեծ քանակության շնորհիվ բազուկը օգտակար է նաև վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում:
- Բազուկը ցածր կալորիականություն ունեցող մթերք է, ուստի այն օգտագործվում է նաև դիետաների դեպքում, օգնում է պահպանել մարմնակառուցվածքը:
Հակացուցումները
- Բազուկը պետք է զգույշ ու չափավոր օգտագործեն նրանք, ովքեր գաստրիտով են տառապում և ստամոքսի բարձր թթվայնություն ունեն:
- Բազուկը իջեցնում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացման ունակությունը, ուստի պետք չէ չարաշահել այն, եթե առանց այն էլ օրգանիզմը կալցիումի պակաս ունի:
- Բազուկը չարաշահել պետք չէ նաև շաքարային դիաբետով տառապողների համար:
- Բազուկը հակացուցված է նաև միզուղիների քարերի հիվանդությունների դեպքում:
- Այն հակացուցված է փորլուծության դեպքում, քանի որ թուլացնելու հատկություն ունի:
Ինչ անել, որ բազուկն արագ եփվի
Բազուկը երկար է եփվում, սակայն եթե որոշ գաղտնիքներ իմանաք, կարող եք այդ ժամանակահատվածը 2-3 ժամից իջեցնել մինչև10-45 րոպե:
Եղանակ 1: Եփել բազուկը 30 րոպե, ապա 15 րոպեով թողնել այն հոսող սառը ջրի տակ: Ջերմաստիճանի կտրուկ անկումը բազուկը կփափկացնի: Բացի այդ, այս եղանակով եփած բազուկը մաքրելն ավելի հեշտ կլինի:
Եղանակ 2: Թխել բազուկը միկրովառարանում: Միկրովառարանում թխված բազուկն ավելի քաղցր է ստացվում եփածից ու ավելի շատ վիտամին է պահպանում: Այս դեպքում եփելու պրոցեսը 7-20 րոպե կտևի:
