Այս օգտակար խորհուրդը անկասկած պետք կգա կանանց՝ «այդ օրերի» համար

Դիտումներ 291
Այս օգտակար խորհուրդը անկասկած պետք կգա կանանց՝ «այդ օրերի» համար

Դաշտանի հետ սկսվող ու դադարող ախտանշանները տհաճ են ու անցանկալի: Դրանք կրկնվում են ամեն ամիս և, թվում է՝ ոչինչ անել հնարավոր չէ: Մինչդեռ գոյություն ունեն մի շարք գիտականորեն ապացուցված միջոցներ այդ շրջանին բնորոշ տհաճ զգացողությունները թուլացնելու և անգամ կանխարգելելու համար, օրինակ՝ սննդակարգում կոնկրետ մթերքներ ավելացնելու, տաք լոգանք ընդունելու և նույնիսկ կրծկալը փոխելու շնորհիվ: Օգտվիր մեր հուշումներից՝ հաջորդ անգամ այդ օրերը պատրաստված դիմավորելու համար:

Ճնշիր ցավը նախքան դրա ի հայտ գալը

Երբեմն դա ընդամենը կարճատև ցավ է փորի կամ մեջքի հատվածում: Մինչդեռ հաճախ այդ ցավերը կարող են օրեր տևել՝ տանջելով քեզ, ստիպելով հետաձգել կարևոր ծրագրերն ու գիշերներն անցկացնել տաք շշի հետ գրկախառնված:

Այդ հավելյալ ազդեցությունը պրոստագլանդին նյութի պատճառով է, որն օգնում է արգանդային մկաններին կրճատվել և օրգանիզմն ազատել արգանդի պարունակությունից: «Պրոստագլանդինն արտադրվում է ցանկացած կնոջ օրգանիզմում,- պարզաբանում է գիտությունների դոկտոր, Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի պրոֆեսոր Մերի Ջեյն Մինկինը,- սակայն կանանց մի մասի մոտ այն արտադրվում է ավելի շատ, կամ էլ առկա է առանձնահատուկ զգայունություն այդ նյութի հանդեպ»:

Ցավերը հսկողության տակ պահելու համար կարևոր է ժամանակին գործելը: «Դաշտանի սկսվելուց անմիջապես առաջ կամ սկզբնական ցավերի ընթացքում ցավազրկող մեկ-երկու հաբ ընդունիր և շարունակիր դրանց ընդունումը վեց ժամը մեկ,- հուշում է CBS News-ի բժշկական խորհրդատու, գինեկոլոգ Ջենիֆեր Էշտոնը,- դեղը կդանդաղեցնի պրոստագլանդինի արտադրությունը նախքան ուժգին ցավերի ի հայտ գալը»:

 


Մինչ սպասում ես դեղերի ազդեցությանը, որովայնիդ շրջանում կպցրու ջերմային կպչուն փաթաթաններ. տաքությունը թուլացնում է մկանային կրճատումները: Դրանք չեն երևում հագուստի տակից և փոխարինում են տնային պայմաններում օգտագործվող ոչ պակաս արդյունավետ ջեռակին:

Եթե ցավը չի թուլանում, խորհրդակցիր գինեկոլոգիդ հետ: Շարունակական ցավերը կարող են էնդոմետրիոզի նշան լինել: Սա այն վիճակն է, երբ արգանդային հյուսվածքները տեղափոխվում են մարմնի այլ հատվածներ՝ առաջացնելով ցավ, որը ուժեղանում է տարիների ընթացքում: Էնդոմետրիոզը կարող է հանգեցնել անպտղության: «Ի դեպ, հարցրու գինեկոլոգիդ նաև հակաբեղմնավորիչ հաբերի անցնելու հավանականության մասին: Այդ հաբերը նվազեցնում են արգանդային արտադրությունը, այնպես որ, արյունը նման պայմաններում առատ չէ, և պրոստագլանդինն էլ արտադրվում է ավելի քիչ քանակությամբ»,- հուշում է դոկտոր Մինկինը:

Զուգարանի «ընկերակցությամբ»

Առատ արտադրության առաջին օրերին պարբերաբար զուգարան վազելն ամենևին հաճելի զբաղմունք չէ: Մարսողության համակարգի հետ կապված խնդիրների մեղավորը կրկին պրոստագլանդինն է: «Այս քիմիական տարրն աղիների վրա ունի նույն՝ կրճատման երևույթը խթանող ազդեցությունը, ինչ հեշտոցի վրա: Դրանով էլ բացատրվում է առատ հոսքը»,- հուշում է դոկտոր Մինկինը:

Այս դեպքում ևս խորհուրդ է տրվում ցավազրկող ընդունել նախքան դաշտանի սկսվելը՝ պրոստագլանդինի արտադրության ընթացքը դանդաղեցնելու համար: Եթե պահը բաց է թողնվել, և աղիներդ արդեն «աղմկում են», ընդունիր հակալուծողական հաբ:

Դաշտանից մոտ մեկ շաբաթ առաջ խուսափիր փորը թուլացնող մթերքից, օրինակ` մանրաթելերով հարուստ բանջարեղենից, մրգերից, ամբողջական հացահատիկներից, կոնֆետներից ու արագ սննդի կետերի կերակուրներից: «Ստամոքսը հանգստացնող և օսլայով հարուստ սնունդը, ինչպես օրինակ՝ բրինձը կամ տոստերը, կարող են կանխարգելել փորլուծությունը՝ կղանքը պնդացնելու շնորհիվ»,- նշում է դոկտոր Մինկինը:

Կարգավորիր տրամադրության տատանումները

Մեկ ժպտում ես, մեկ՝ լալիս, մեկ գոհ ես, մեկ՝ անտանելի լարված ու զայրացած: «Պատճառը նախքան դաշտանը և դրա առաջին օրերի ընթացքում օրգանիզմում էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի տատանումն է: Սա ազդում է ուղեղի վրա` ստիպելով քեզ տատանվել երջանկության, դեպրեսիայի և զայրույթի միջև,- բացատրում է գիտությունների դոկտոր, Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոան Մենսոնը:

Հեշտ լուծում սննդի միջոցով. սննդակարգումդ ավելացրու կաթնամթերք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կալցիումի և վիտամին D-ի վրա շեշտը դնելն օգնում է կառավարել դաշտանի հետ կապված տրամադրության տատանումները: Մանսոնը նշում է, որ պարտադիր պետք է ընդունել կալցիումի օրական չափաբաժինը՝ 1000 միլիգրամ և ավելին, ինչպես նաև՝ վիտամին D-ի 600 IU, այսինքն՝ օրական 4 բաժին կաթ, պանիր, կամ յոգուրտ: Ի դեպ, կալցիումի պակասը կարելի է լրացնել նաև համապատասխան սննդային հավելումների միջոցով:

 

Տրամադրությունը կառավարելու մեկ այլ ձև է մարզասրահ հաճախելը: Ընդամենը 20 րոպե մարզանքը կարող է խթանել ուրախության հորմոն էնդորֆինի արտադրությունն օրգանիզմում:

Առանց ավելորդ փքվածության

Ի՜նչ խոսք, փքվածության զգացումը չի կարող ուրախություն պարգևել: «Պատճառը էստրոգենի քանակի ժամանակավոր նվազումն է, ինչը ստիպում է օրգանիզմին լրացուցիչ հեղուկ կուտակել»,- ասում է դոկտոր Էշտոնը: Կարող ես խուսափել փքվածությունից՝ դաշտանի սկսվելուն զուգահեռ սննդակարգում ավելացնելով կալիումով հարուստ մթերք, օրինակ՝ բանան, սպանախ, անյուղ միս, թռչնամիս և ձկնեղեն: «Այս հանքանյութը կօգնի երիկամներին հեռացնել ավելորդ հեղուկն օրգանիզմից»,- նշում է դոկտոր Էշտոնը:

Բացի այդ, այդ օրերին խուսափիր այն մթերքից, որը ջուրը պահում է օրգանիզմում. դա հիմնականում մեծ քանակությամբ սոդիում պարունակող մթերքն է (չիպսեր, փքաբլիթներ, վերամշակված ապուրներ, արագ սննդի կետերի կերակուրներ): Ալկոհոլը նույնպես նպաստում է փքվածության զգացումի առաջացմանը, ուստի սահմանափակվիր օրական մեկ գավաթ գինով կամ մեկ կոկտեյլով: Իսկ ահա ջուր պետք է օգտագործել հնարավորինս շատ: Որքան ավելի շատ խմես, այնքան ավելի հաճախ միզելու ցանկություն կառաջանա, ինչի շնորհիվ օրգանիզմդ էլ ավելի մեծ քանակությամբ հեղուկից կազատվի:

Բացի այդ, մի՛ անտեսիր քո ամենօրյա մարզումները: Այդ օրերին դու սովորականից ավելի շատ կքրտնես, նյութափոխանակությունդ կխթանվի և փքվածության զգացումն ավելի արագ կանցնի: Եթե ջրով «լցված» լինելու զգացումն իրոք անտանելի է (ասենք՝ ամեն ամիս՝ դաշտանի օրերին, իրանդ զգալիորեն հաստանում է), ապա հարցրու գինեկոլոգիդ՝ արդյոք կարելի է անցնել հակաբեղմնավորիչ հաբերի ընդունմանը. դրանք կրկին կարող են օգնել փքվածության դեմ պայքարում:

Ամենաընթերցվածը