Արյան գերճնշումը նպաստում է սրտի փականի աշխատանքի խանգարմանը


Սրտաբանները պարզել են, որ բարձր զարկերակային ճնշումը բարձրացնում է սրտի փականի աշխատանքի խանգարման հավանականությունը: Մասնագետների հավաստմամբ՝ ճնշման հետ կապված խնդիրների դեմ պայքարելու համար մարդը պետք է հետևի իր սննդակարգին ու լինի ֆիզիկապես ակտիվ:
Առողջ սնունդն ու պարբերաբար սպորտով զբաղվելը զգալիորեն նվազեցնում են զարկերակային ճնշման բարձրացման հավանականությունը, ինչը շատ կարևոր է սրտամկանի հիվանդությունների կանխարգելման հարցում: Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ զարկերակային ճնշման հետ կապված վաղաժամ խնդիրների առաջացման հետևանքով բարձրանում է սրտի փականի ամենատարածված արատի առաջացման հավանականությունը՝ հատկապես միջին տարիքի և տարեց անձնաց շրջանում:
Ուսումնասիրությունը տևել է 10 տարի, և այդ ընթացքում գիտնականները հետևել են 5.5 միլիոն հասուն մարդու առողջական վիճակին: Ապացուցվել է, որ արյան գերճնշումը կապված է միտրալ ռեգուրգիտացիայի առաջացման հավանականության հետ, իսկ այդ հիվանդության հետևանքով սրտամկանը չի կարողանում ապահովել արյան նորմալ շրջանառությունը: Առավել ծանր դեպքերում այս խանգարումը հանգեցնում է սրտային անբավարարության:
Հետազոտությունն անցկացնող գիտնականների կարծիքով՝ նրանց հաջողվել է ապացուցել, որ այս տարածված ու վտանգավոր արատը բնավ ծերության անխուսափելի հետևանք չէ և այն կարելի է կանխարգելել՝ առողջ կենսակերպ վարելով և զարկերակային ճնշումը մշտապես վերահսկողության տակ պահելով:
Հարկ է նշել, որ մինչ վերջին ժամանակները միտրալ ռեգուրգիտացիան համարվում էր դեգեներատիվ խանգարում, որն առաջանում էր տարիքի հետ սրտամկանի փականի «մաշվելու» հետևանքով, ուստի մասնագետները պարզապես բուժում էին այս խնդիրը վիրահատական միջամտության օգնությամբ և չէին զբաղվում դրա կանխարգելմամբ:
