Արթրիտի մասին վկայող 7 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Գրում է med.tert.am-ը։


Արթրիտի ամենատարածված ախտանշանը հոդացավերն են, սակայն սա բնավ հիվանդության միակ ախտանշանը չէ: Շատ դեպքերում հիվանդները նկատում են նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք վկայում են ախտաբանության զարգացման մասին դեռ մինչ ցավի ի հայտ գալը:
Գոյություն ունի արթրիտի ավելի քան 10 տեսակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ ախտանշանները: Այդ ախտանշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում բժիշկը կարող է հատուկ հակաբորբոքային դեղորայքի և կենսակերպում փոփոխություններ անելու վերաբերյալ խորհուրդների միջոցով դանդաղեցնի դրա զարգացումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արթրիտի ամենատարածված ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ:
Հոդերի կարծրություն
Շատերի մոտ արթրիտի ժամանակ նկատվում է հոդերի շարժունության վատացման զգացողություն: Ընդ որում՝ այս տհաճ ախտանշանը մեծ մասամբ անհանգստացնում է հիվանդներին օրվա առաջին կեսին, երբ հոդերը դեռ չեն «տաքացել»:
Այտուցներ
Եթե չկան վնասվածքներ, սակայն հոդերի շուրջը նկատվում են այտուցներ, ապա հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ դա վկայում է արթրիտի զարգացման մասին: Երբեմն այտուցներն ի հայտ են գալիս օրվա վերջում: Այս ախտանշանն ուղեկցվում է նաև հոդի շարժունության որոշակի վատացմամբ:
Հոդերի կրճտոց ու անկայունություն
Հաճախ արթրիտից տառապող հիվանդները նախ նկատում են այս ախտանշանները, այնուհետև միայն ի հայտ են գալիս հոդացավերը:
Հոգնածություն
Ի տարբերություն դեգեներատիվ արթրիտի, որի դեպքում հոդերը «մաշվում» են ու դանդաղ քաքայվում, ռևմատոիդ արթրիտի ժամանակ իմունային համակարգն ինքն է «հարձակվում» հոդերի վրա՝ հանգեցնելով բորբոքումների առաջացման: Ռևմատոիդ արթրիտը նաև կապված է լինում համակարգային բորբոքման հետ, որն էլ կարող է ուղեկցվել հոգնածության զգացողությամբ:
Տենդ կամ ախորժակի կորուստ
Այս ախտանշանները կապված են ռևմատոիդ արթրիտի հետևանքով առաջացող համակարգային բորբոքման հետ, սակայն դրանք պարբերաբար են ի հայտ գալիս, քանի որ այս ախտաբանությունը բնորոշվում է սրման փուլերով:
Մաշկի կարմրություն կամ ցան
Որոշ դեպքերում հիվանդները նկատում են, որ ախտահարված հոդի շուրջը մաշկը գրգռված կամ կարմրած է՝ անգամ ցավի բացակայության դեպքում: Արթրիտի այս տեսակը կոչվում է պսորիատիկ արթրիտ և կարող է ուղեկցվել մաշկի կարմրածությամբ կամ թեփոտվածությամբ:
Շարժումների կաշկանդվածություն
Եթե հոդերի շարժումները նախկինից ավելի կաշկանդված են դառնում, իսկ վարժություններ կատարելը դժվարանում է, ապա հարկավոր է դիմել բժշկին, քանի որ այդ ախտանշանը կարող է կապված լինել արթրիտի հետ՝ հատկապես, եթե ուղեկցվում է ցավով:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/05/arthritis/46622
