Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. Հյուսիսային պողոտայում պայթյուն է տեղի ունեցել. ժամանել են ԱԻ նախարարն ու ՀՀ փոխոստիկանապետը. կան վիրավորներ. Գրում է shamshyan.com


Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն առաջացել է գազաբալոնից, սակայն դա վերջնական չէ:
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:
Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
