Առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել ձեռքերի թմրածությունը
Ձեռքերի թմրածությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, սակայն մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում օրգանիզմի տված ազդանշաններին: Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին և միջոցներ ձեռնարկել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել լուրջ խնդիրներով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական այն խնդիրները, որոնցով կարող է պայմանավորված լինել ձեռքերի թմրածությունը.
Օստեոպորոզ
Պարանոցային ողերն ու ձեռքերի և մարմնի մյուս հատվածների նյարդերը կապված են, ուստի երբ խանգարվում է օրգանիզմում արյան շրջանառությունը, խանգարվում է նաև ձեռքերի աշխատանքն ու նկատվում է թմրածություն: Նման դեպքերում ձեռքերը որոշ ժամանակ անշարժ պահելուց հետո հաճախ նկատվում է դրանց շարժումների դանդաղում:
Շաքարային դիաբետ կամ սակավարյունություն (անեմիա)
Այս հիվանդությունները զգալիորեն ազդում են արյան շրջանառության վրա, ինչի հետևանքով էլ ի հայտ են գալիս տարբեր ախտանշաններ՝ այդ թվում նաև թմրածություն: Հարկ է հիշել, որ վերջույթների այտուցվածությունը, զգայունության կորուստն ու վերքերի դանդաղ ապաքինումը կարող են վկայել շաքարային դիաբետի մասին: Այս ախտանշանները կարող են նկատվել նաև անեմիայի ժամանակ, սակայն այս դեպքում դրանք կուղեկցվեն ընդհանուր թուլությամբ ու գունատությամբ:
Ուսային հյուսակի նյարդացավ (նևրալգիա)
Մարդու մարմինն ունի բազմաթիվ հյուսվածքներ ու նյարդեր և, երբ դրանցից մեկն ինչ-ինչ պատճառներով սեղմվում է, տուժում են հոդերը, մկանները, վերջույթները և մարմնի այլ հատվածները՝ զրկվելով տարբեր ֆունկցիաներից ու սննդարար նյութերից: Սա է պատճառը, որ ուսային հյուսակի նյարդացավի դեպքում նկատվում է ինչպես ուժգին ցավ, այնպես էլ վերջույթի թմրածություն:
Վերին վերջույթների երակների թրոմբոզ
Զարկերակներում առաջացած արյան մակարդուկները կարող են խոչընդոտել արյան շրջանառությանն ու թույլ չտալ հագեցնել օրգանիզմը թթվածնով ու սննդարար նյութերով: Թրոմբոզի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկը վերջույթների թմրածությունն է, ինչպես նաև բորբոքումներն ու ցավը: Այս դեպքում կարող է նկատվել նաև մաշկի կարմրություն, ինչը վկայում է անոթների խցանման մասին:
Դաստակային թունելի համախտանիշ
Դաստակային թունելի համախտանիշից հաճախ տառապում են այն մարդիկ, որոնք աշխատանքի բերումով շատ են շարժում դաստակը: Այս դեպքում ջլերը մշտապես շարժման մեջ են լինում և հաճախ բորբոքվում են, ինչի հետևանքով հիվանդությունը սրվում է՝ առաջացնելով սաստիկ ցավ ու թմրածություն: