Անձնական հիգիենա, շատ կարևոր փաստեր, որոնց բացակայությունը խնդիրների առաջացման պատճառ կարող է հանդես գալ


Անձնական հիգիենա, հիգիենային կանոնների ամբողջություն, որոնց կատարումը նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը։
Անձնական հիգիենան ընդգրկում է ընդհանուր հիգիենային կանոնները, որոնք նույնն են ցանկացած տարիքի մարդկանց համար, մտավոր և ֆիզիկական աշխատանքի ճիշտ հաջորդականությունը, ֆիզկուլտուրայով զբաղվելը, լիարժեք սննդի կանոնավոր ընդունումը, աշխատանքի և ակտիվ հանգստի հաջորդականությունը, լիարժեք քունը։
Մարմնի հիգիենա
Նեղ իմաստով անձնական հիգիենան ընդգրկում է մարմնի, սպիտակեղենի, հագուստի, բնակարանի, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ մաքրության պահպանման հիգիենային պահանջները, որոնցից առաջնահերթը մարմնի մաքրության պահպանումն է։ Հաշվված է, որ 1 շաբաթվա ընթացքում մարդու մաշկի մակերևույթի վրա ճարպագեղձերն արտազատում են 100-800 գ մաշկաճարպ, իսկ քրտնագեղձերը՝ 3,5-7 լ քրտինք։ Դրա համար մաշկը պետք է ժամանակին և կանոնավոր լվանալ, այլապես խանգարվում են նրա պաշտպանական հատկությունները և մաշկածածկույթներում մշտապես բնակվող միկրոօրգանիզմների փոխադարձ կապը, ստեղծվում են նպաստավոր պայմաններ թարախածին մանրէների, մակաբույծ սնկիկների և վնասակար այլ միկրոօրգանիզմների բազմացման համար։
Հատկապես հեշտությամբ են կեղտոտվում մարմնի բաց մասերը։ Հաստատված է, որ մաքուր լվացած ձեռքերի վրա բակտերիային կուլտուրան քսելուց 10 րոպե անց բակտերիաների թիվը նվազում է 85%-ով, իսկ չլվացած մաշկի վրա՝ 20 րոպե անց՝ միայն 5%-ով։ Հատկապես շատ բակտերիաներ են հայտնաբերվում եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95%-ը), դրա համար խիստ կարևոր է եղունգների ճիշտ խնամքը և ձեռքերի լավ լվանալը։ Ձեռքերի մաքրությունը պարտադիր պայման է հասարակական սննդի հիմնարկներում աշխատողների, տանը կերակուր պատրաստողների համար։ Պատահական չէ, որ դիզենտերիան անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»։ Անձնական հիգիենայի կանոնները պետք է երեխաներին սովորեցնել վաղ մանկական տարիքից։
Հագուստի հիգիենա
Անձնական հիգիենայում կարևոր տեղ են գրավում ներքնաշորի, հագուստի մաքրությունը, գուլպաները (կիսագուլպաները) ամեն օր փոխելը՝ հատկապես գերքրտնոտության ժամանակ։ Մարմնի և հագուստի մաքրությունն անիմաստ է դառնում, եթե բնակարաններում, խոհանոցում և արտադրությունում չեն պահպանվում հիգիենայի կանոնները։
Ընտանիքում յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում ունենալ առանձին անկողին, առանձին երեսսրբիչ և ցամքոց։ Խորհուրդ է տրվում քնել գիշերանոցով (ննջազգեստ)։
Այս բոլոր հիգիենային միջոցառումներն անհրաժեշտ են ամեն օր, սակայն խիստ կարևոր են դառնում այնպիսի դեպքերում, երբ ընտանիքում որևէ մեկը հիվանդանում է, քանի որ հիգիենային պահանջների խախտումները բացասաբար են անդրադառնում հիվանդին շրջապատողների՝ հատկապես երեխաների առողջության և աշխատունակության վրա։
Մարդկանց համար անձնական հիգիենայի ընդհանուր կանոնները մշակելիս հաշվի են առնվում կնոջ և տղամարդու տարիքային և անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները։
Երեխաների օրգանիզմի ճիշտ զարգացման համար բացառիկ կարևոր են ընդհանուր կազդուրող գործոնները՝ օդը, արևը, ջրային բուժարարողությունները, ֆիզիկական վարժությունները, շարժուն խաղերը, լիարժեք սնունդը։
Հիգիենայի պահպանում
Հարկավոր է խուսափել գերսնուցումից, որը կարող է դառնալ ճարպակալման և դրա հետագա բարդությունների, հատկապես ձվարանների ներզատական գործունեության և դեռահաս աղջիկների դաշտանային ցիկլի խանգարման պատճառ։ Կրծքի և մսուրային տարիքի աղջիկների ու տղաների հիգիենային խնամքի հիմնական կանոններն ընդհանուր են։
Աղջկա սեռական օրգաններն անհրաժեշտ է պահել բացառիկ մաքուր վիճակում, քանի որ դրանք շատ նուրբ են, հեշտությամբ վնասվում են և վարակի հանդեպ ցածր դիմադրողականություն ունեն։ Համապատասխան խնամքի բացակայության դեպքում կարող է առաջանալ ամոթույքաբորբ։ Ամեն անգամ միզելուց և կղելուց հետո անհրաժեշտ է երեխայի սեռական օրգանները լվանալ եռացրած գոլ ջրով, այնուհետև մաշկը սրբել փափուկ, մաքուր սրբիչով։ Մաշկի գրգռման, շփաբորբի չնչին ախտանշանների դեպքում հարկավոր է բարակ շերտով քսել նախապես եռացրած բուսական յուղ կամ ցանել մանկական ցանափոշի։ Նախապես պետք է ձեռքերը լավ լվանալ։
