ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՈՐՈՇԵԼ, ԹԵ ՈՐ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ ՕՐԳԱՆԻԶՄԸ

Դիտումներ 301
ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՈՐՈՇԵԼ,  ԹԵ ՈՐ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ ՕՐԳԱՆԻԶՄԸ

Սխալ սննդակարգի դեպքում մարդիկ հաճախ չեն օգտագործում բավարար քանակությամբ կենսական նշանակություն ունեցող վիտամիններ ու հանքանյութեր, իսկ դրանց դեֆիցիտը հանգեցնում է առողջական տարբեր խնդիրների առաջացման: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանշան, որոնք կօգնեն որոշել, թե որ տարրերի կարիքն ունի օրգանիզմը:

 

1.      Ճաքեր բերանի անկյուններում

 

Այս ախտանշանը վկայում է B խմբի վիտամինների, ցինկի ու երկաթի պակասի մասին: Բացի այդ, նման ախտանշան կարող է ի հայտ գալ ստամոքսի որոշ հիվանդությունների դեպքում, ստրեպտոկոկներով, ստաֆիլակոկներով կամ սնկերով պայմանավորված վարակների ժամանակ, բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենայի դեպքում, շաքարային դիաբետի ժամանակ, ինչպես նաև շատ խոսելու և հաճախ բերանը խոնավեցնելու դեպքում

 

Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է օգտագործել ավելի շատ տոֆու, ցածր յուղայնությամբ պանիր, գետնանուշ, սպանախ, ծիրանաչիր, ծնեբեկ, սերմեր ու լոբազգիներ: Բացի այդ, օրգանիզմում երկաթի պակասը լրացնելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը բրոկոլիով ու կաղամբով:

 

2.      Կարմիր թեփոտվող ցան դեմքին և/կամ մազաթափություն

 

Դեմքի կարմիր թեփոտվող ցանը կարող է պայմանավորված լինել բիոտինի դեֆիցիտով: Նման ցանը հաճախ ի հայտ է գալիս գլխի մազածածկ հատվածի եզրային հատվածներում և ուղեկցվում է առատ մազաթափությամբ:

 

Նման խնդրի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել նուշ, այծի կաթ, գետնանուշ, լոլիկ, գազար, սոխ, քունջութ, ընկուզեղեն, բանան, ավոկադո ու սնկեր:

 

Մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսին են գենետիկական առանձնահատկությունները, հիվանդությունները, լուրջ վիրահատությունները, կամ սթրեսը: Այս ախտանշանով կարող են ուղեկցվել նաև վահանաձև գեղձի հիվանդությունները, հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղորայքի ընդունումը, հղիությունն ու ծննդաբերությունը, որոշ դեղորայքի ընդունումը, որոշ սանրվածքները, վարսերի հարդարման համար նախատեսված միջոցներում պարունակվող վնասակար քիմիական տարրերը:

 

Բացի այդ, կարմիր ու ցավոտ ցանը, որն առաջանում է սեռական հասունացման շրջանում հաճախ խոսում է հորմոնալ դիսբալանսի մասին, սակայն այն կարող է վկայել նաև օրգանիզմին անհրաժեշտ հիմնական ճարպաթթուների, ինչպես նաև A և D վիտամինների դեֆիցիտի մասին:

 

Նման դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել ընկուզեղեն ու սերմեր ճարպաթթուների մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև կանաչ տերևավոր բանջարեղեն, գազար, պղպեղ և կաթնամթերք:


3.      Ձեռքերի, ոտքերի և մարմնի այլ հատվածների թմրածություն

 

Թմրածությունն ու դողը կարող են վկայել ֆոլաթթվի (վիտամին B9), B6 և B12 վիտամինների պակասի մասին, իսկ այդ տարրերն ուղղակիորեն կապված են ծայրամասային (պերիֆերիկ) նյարդային համակարգի հետ: Սա է պատճառը, որ այս տարրերի դեֆիցիտի դեպքում հաճախ նկատվում է թմրածություն, դող, անհանգստություն, դեպրեսիա, հոգնածություն ու սակավարյունություն (անեմիա):

 

B9, B6 և B12 վիտամինների դեֆիցիտի դեպքում խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը սպանախով, ճակնդեղով, ծնեբեկով ու կաթնամթերքով:

 

4.      Ջղաձգումներ ու ոտքերի ցավեր

 

Ջղաձգումները որպես կանոն վկայում են մագնեզիումի, կալիումի և կալցիումի դեֆիցիտի մասին: Եթե այս ախտանշանը հաճախ է անհանգստացնում, ապա այդ տարրերի դեֆիցիտն արդեն քրոնիկական բնույթի է և այս խնդրից հնարավոր չի լինի ազատվել միայն սննդակարգում փոփոխություններ անելով, քանի որ անհրաժեշտ կլինի նաև հավելյալ հանքանյութեր ընդունել:

 

Հաճախ նման խնդրից տառապում են մարդիկ, որոնք պարբերաբար մարզվում են, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է հանքանյութերը քրտինքի հետ: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ծովային ջրիմուռներ, բանան, կանաչ տերևավոր բանջարեղեն, եղինջ, ընկուզեղեն, սերմեր, նուշ, բալ, թուրինջ ու խնձոր:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը