5 ախտանշան, որոնք վկայում են երիկամների հիվանդությունների մասին: Գրում է med.tert.am-ը


Երիկմները շատ կարևոր են, ուստի դրանց առողջության հանդեպ հարկավոր է առանձնահատուկ ուշադիր լինել: Մասնագետները նշում են, որ երիկամների հետ կապված ցանկացած խնդրի դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել և հնարավորինս շուտ ազատվել դրանից՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Սակայն խնդիրը ժամանակին հայտնաբերելու, ժամանակին բուժումը սկսելու և էլ ավելի լուրջ խնդիրներին չբախվելու համար հարկավոր է իմանալ, թե որ ախտանշաններն են վկայում երիկամների հիվանդությունների մասին: Հատկապես ուշադիր պետք է լինեն այն մարդիկ, որոնք տառապում են շաքարային դիաբետից, միզաքարային հիվանդությունից, զարկերակային գերճնշումից ու սրտային անբավարարությունից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ախտանշան, որոնք վկայում են երիկամների հետ կապված խնդիրների առկայության մասին:
1. Մեզի գույնի ու քանակի փոփոխություն և հաճախակի միզելու ցանկություն
Միզարձակության հետ կապված փոփոխությունները երիկամների հիվանդությունների մասին վկայող ամենակարևոր ախտանշաններն են: Նման խնդիրների դեպքում հիվանդության վաղ փուլերում սովորաբար նկատվում է մեզի քանակի ավելացում, որը հետագայում զգալիորեն նվազում է: Ընդ որում՝ չնայած մեզի քանակության նվազմանը՝ հիվանդի մոտ սովորականից շատ ավելի հաճախ է առաջանում միզելու ցանկություն:
2. Այտուցներ
Օրգանիզմում հեղուկի կուտակումը համարվում է երիկամների հետ կապված խնդիրների մասին վկայող հիմնական ախտանշաններից մեկը: Առավել հաճախ այտուցվում են հիվանդի ոտքերը, սակայն ավելի լուրջ դեպքերում կարող են այտուցվել նաև կոճերը, ձեռքերն ու անգամ դեմքը: Այս վիճակը ժամանակավոր է, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:
3. Մշտական հոգնածություն
Մշտական հոգնածությունը միշտ վկայում է որևէ խնդրի առկայության մասին: Նման ախտանշան կարող է ի հայտ գալ նաև երիկամների հիվանդությունների դեպքում: Բանն այն է, որ երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով հեղուկի ու տոքսինների կուտակումը հանգեցնում է մշտական հոգնածության ու ուժերի պակասի:
Նման դեպքերում հարկավոր է առաջին հերթին խորհրդակցել բժշկի հետ և համոզվել, որ խնդիրը պայմանավորված է հենց երիկամների աշխատանքի խանգարումով, քանի որ նման ախտանշան կարող է ի հայտ գալ նաև մի շարք այլ հիվանդությունների դեպքում:
4. Անեմիա (սակավարյունություն)
Անեմիան երիկամների հետ կապված տարբեր խնդիրների մասին վկայող ակնհայտ ախտանշան է, սակայն այն կարող է նաև պայմանավորված չլինել երիկամների հիվանդություններով: Սա է պատճառը, որ սակավարյունության դեպքում հարկավոր առաջին հերթին անալիզներ հանձնել ու խորհրդակցել բժշկի հետ՝ խնդրի առաջացման պատճառը պարզելու համար:
5. Մաշկային քոր
Երիկամների հիվանդությունների մասին վկայող ամենակարևոր ախտանշանների շարքին է դասվում նաև մաշկային քորը: Սա պայմանավորված է լինում երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով օրգանիզմում կուտակված տոքսիններով, որոնք խիստ վնասակար են առոջղության համար: Սա է պատճառը, որ քորի դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ հաճախ երիկամային անբավարարությունը շատ դժվար է լինում ախտորոշել, քանի որ այն չի դրսևորվում որևէ ախտանշանով: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար պրոֆիլակտիկ բուժզննում անցնել, ինչը կօգնի հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում՝ անգամ, եթե դրա առկայության մասին վնայող որևէ ախտանշան չկա:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/04/20/kidneys/51478
