2017-ին ծննդյան նպաստի ամսական 25 000 դրամը ծնողները չեն կարող ստանալ. պարզաբանում

dialogue.am - ը գրում է ՝
Շատ ծնողներ առայժմ տեղյակ չեն օրենքի այս կարգավորումից , հետևաբար չգիտեն նաև ինչպես օգտվել պետության կողմից սահմանված իրենց արտոնություններից: Մեր հրապարակման մեկ օրվա արձագանքները խմբավորելով՝ փորձել ենք հարգելի ընթերցողներ ոլորտը կարգավորող գերատեսչությունից ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք դուրս են լրագրողի իրավասության շրջանակներից:
Հաջորդիվ հարցերին ևս կհետևեն գրավոր պատասխաններ, եթե ստորև ներկայացվող պատասխանները չբավարարեն Ձեզ: Գրեք մեզ էլեկտրոնային հասցեյով, կամ Dialogue.am-ի ֆեյսբուքյան էջին:
Հիշեցնենք, որ բոլոր շահառուները ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար այլևս կարող են դիմել առցանց, քանի որ լիազորգրով վճարում չի կատարվելու: Այս դեպքում նպաստը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:
Տեղեկատվական համակարգերի կիրառմամբ հնարավորություն կստեղծվի քաղաքացիների դիմումների տեղեկատվությունը փոխանակել առցանց ռեժիմով ՍԱՊԾ և երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը ընդունել նաև առցանց տարբերակով:
Նշենք, որ մեր ընթերցողների հարցերին պատասխանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը
image
Մերի Սարգսյան– Ես 4 երեխա ունեմ, 3-րդ երեխայիս հաշվեհամարին փոխանցած 500 հազար դրամից 300-ը ստացել եմ՝ յուրաքանչյուր ամիս 25.000 դրամով: Մյուս 200 հազար դրամը ինչպե՞ս կարող եմ ստանալ և խնդրում եմ ասել, թե հանրավոր է ամբողջովին կանխիկացնել 4-րդ երեխայի հաշվեհամարին գտնվող 500 հազար դրամը:
Արամայիս Շահբեկյան – Հարգելի Մերի Սարգսյան երեխայի մեկ տարին լրանալու դեպքում ամեն ամիս 25000 ական դրամ դրամագլխից կանխիկացնելու դրույթը աշխատել է միայն 2016թ.-ի համար, քանի որ այն իրավական ակտում այդ դրույթն ի սկզբանե ունեցել է գործողության ժամկետ (01.01.2016թ. – 31.12.2016թ.):
Քաղաքացի.- Նոյեմբերին ծնվել է երեխաս, իսկ նպաստ ստանալու համար գրանցվել է հայրը, ով այժմ կալանքի տակ է գտնվում: Այս հանգամանքը որևէ կերպ երեխայիս նպաստը ստանալու վրա կարո՞ղ է աազդել:
Արամայիս Շահբեկյան – Հարգելի քաղաքացի նպաստը կարող է ստանալ այլ անձ, դիմումատուի կողմից տրված լիազորագրով: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով քրեակատարողական հիմնարկի պետի կողմից տրված լիազորագիրը հավասարեցվում է ՀՀ նոտարի կողմից տրված լիազորագրին:
Արմինե Միքայելյան– 1-ին երեխայիս հղիության 7-րդ ամսում կորցրել եմ, իսկ 2-րդ երեխաս ծնվել է 2015-ին: Ուզում եմ իմանալ մահացած երեխայի համար որևէ նպաստ կա արդյո՞ք:
Արամայիս Շահբեկյան – Հարգելի Արմինե Միքայելյան Ձեր նշած ժամանակահատվածում հղիության 7-րդ ամսում կորցրած երեխայի համար ծննդյան նպաստ չի հասնում:
Հ.Գ. 2016թ.-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում (սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո, այսուհետ՝ պերինատալ շրջան) մահացած երեխայի դեպքում նպաստը նշանակվում է: ՀՀ Կառավարության որոշում 275-Ն 06.03.2014
Հասմիկ Հովհաննիսյան, Արտեմ Գևորգյան– Խնդրում եմ ասել, թե ինչ պայմանների դեպքում կարող եմ ստանալ անկախիկ 500 հազար դրամը: Ու՞մ պետք է դիմեմ և ի՞նչ փաստաթղթեր ներկայացնեմ:
Արամայիս Շահբեկյան – Հարգելի քաղաքացիներ Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար անհրաժեշտ է դիմել դրամագլուխը սպասրկող բանկ, հիշեցնեմ, որ դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`
բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե փաստաթղթերի համաձայն վարկառուն երեխայի ծնողն է (բացառությամբ խնամակալի)
նախորդ երեխաների կամ երեխայի ծնողի ուսումնական հաստատությունում ուսվարձը, նաև նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը վճարելու համար
Երեխայի ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է պետության կողմից ՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում:
հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի գնման համար, եթե գնորդը երեխայի ծնողն է (բացառությամբ խնամակալի)
Արմինե Գալոյան– Ինչու՞ է սառեցված ծննդյան նպաստի անկանխիկ 500 հազար դրամը ստանլու գործընթացը: Ինձ բանկում ասել են, որ նոր որոշում պետք է ընդունվի 2017թ-ին և նորից պետք է դիմում ներկայացնեմ:
Արամայիս Շահբեկյան – Հարգելի Արմինե Գալոյան երեխայի մեկ տարին լրանալու դեպքում ամեն ամիս 25000 ական դրամ դրամագլխից կանխիկացնելու դրույթը, ոչ թե սառեցված է, այլ այն աշխատել է միայն 2016թ.-ի համար, քանի որ այն իրավական ակտում այդ դրույթն ի սկզբանե ունեցել է գործողության ժամկետ (01.01.2016թ. – 31.12.2016թ.):
Շարունակությունը այստեղ ՝ http://www.dialogue.am/amsekan-25-hazar-dramy-cnndyan-npasti-chen-karox-stanal/
